▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Sportfakt. Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո Մխիթարյանը կմեկնի Անգլիա

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, որն ավարտվում է 2017թ.-ին:

Ինչպես հաղորդում է «Спортфакт»-ը` հղում կատարելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին, Մխիթարյանին ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունն ունի «Արսենալը»: Լոնդոնյան ակումբն արդեն բանակցել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխության շուրջ: Այժմ երկու ակումբները բանակցություններ են վարում:

Հատկանշական է, որ 3 տարի առաջ «Արսենալի» սկաուտները խորհուրդ էին տվել Արսեն Վենգերին հետևել Մխիթարյանին, սակայն ֆրանսիացի մասնագետը հոռետեսորեն է մոտեցել սկաուտների կարծիքին: Ավելին, 2013թ.-ին, այն բանից հետո, երբ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվել է «Բորուսսիա», Վենգերը հայտարարել է, որ «Մխիթարյանի տեղափոխությունը «Շախտյորից» «Բորուսսիա» տպավորություն չի թողել»: Սակայն որոշ ժամանակ անց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գոլն օգնել է «Բորուսսիային» Լոնդոնում հաղթել «Արսենալին» (2-1): Բացի այդ հայտնի է, որ Մխիթարյանը մանկուց համակրում է «Արսենալին» ու հիանում է Վենգերի աշխատանքով: Ընթացիկ մրցաշրջանում էլ արդեն «Արսենալի» մարզիչն է սկսել հետևել Մխիթարյանի խաղին, հետո էլ ակումբի ղեկավարությանը հայտնել է կիսապաշտպանին ձեռք բերելու անհրաժեշտության մասին:

«Спортфакт»-ի տեղեկություններով ֆուտբոլիստին ձեռք բերելուն հավակնում են նաև «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքաբնակները» փորձել են ձեռք բերել նրան դեռևս երեք տարի առաջ: Այն ժամանակ Մխիթարյանը չէր օգտվում Ռայոլայի ծառայություններից, ու «Սիթին» փորձել է ֆուտբոլիստի վրա դուրս գալ հայ գործակալների, ինչպես նաև Մխիթարյանի բարեկամների միջոցով ու բանակցել նրա հետ: Խոսեպ Գվարդիոլան, ով կգլխավորի «Մանչեսթեր Սիթին» նոր մրցաշրջանում, բարձր գնահատում Մխիթարյանի խաղային որակներն ու ցանկանում է այդ տրանսֆերով ուժեղացնել թիմի միջին գիծը:

Աղբյուրը հաստատել է, որ Մխիթարյանի ներկայացուցիչները նրա համար արդեն տուն են ընտրել Լոնդոնում: Սպասվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կձևակերպվի մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը: Բացի այդ, Մխիթարյանը նաև առաջարկություն ունի «Յուվենթուսից», սակայն «Արսենալի» տարբերակը նրա համար առաջնային է:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսսիայում» 2013թ.-ից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 51 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее