Շիրակ ՖԱ-ն հայտարարությամբ է հանդես եկել, կապված ՀՖՖ-ի
հետ:«Այսօր, «Շիրակի» հերթական հաղթանակից հետո՝ չեմպիոնության նախաշեմին, տեղեկացանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 12 միավոր և 7մլն ՀՀ դրամ տուգանքի մասին՝ հիմնավորելով, որ Ակումբը «Բանանց» թիմի ֆուտբոլիստին՝ խաղի ելքի վրա ազդելու առաջարկ է արել։
Ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ փաստ չունի, որ Շիրակը ներգրավված է եղել նման առաջարկ ներկայացնելու որևէ գործընթացում և որ ՀՖՖ որոշումը ապօրինի է։ Շիրակը չի ընդունում Ակումբին վերաբերող որևէ փաստարկ։
Ակումբը ձեռնամուխ կլինի իր իրավունքների պաշտպանությանը և կձեռնարկի բոլոր իրավական միջոցները ապօրինի որոշումը չեղարկելու, և Շիրակ ֆուտբոլային ակումբի բարի համբավը վերականգնելու համար։ Տեղեկացնում ենք, որ եթե ՀՖՖ-ն մեր բողոքարկման ընթացքում ապօրինաբար կիրառի սույն որոշումը, ապա Շիրակ ֆուտբոլային ակումբը՝ բոլոր թիմերով, պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները»: