Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը +109 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը երրորդ մոտեցմամբ 198 կգ-ը պոկեց եւ սահմանեց այս վարժության Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ռեկորդ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունը աշխարհի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսեց 231 կգ-ից եւ փայլուն կատարեց մոտեցումը: Երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց նաեւ պատվիրված 236 կգ՝ ապահովելով նաեւ երկրորդ փոքր ոսկե մեդալ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանի մարզչական թիմը պատվիրեց 342 կգ՝ փորձելով ռեկորդ սահմանել նաեւ այս վարժությունում, բայց Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ հրել ծանրաձողը:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել են Լիանա Գյուրջյանը, Կարեն Ավագյանը, Արփինե Դալալյանն ու Վարազդատ Լալայանը: Իսկ Արա Աղանյանն ու Ռաֆիկ Հարությունյանն արժանացել են համապատասխանաբար արծաթե ու բրոնզե մեդալների:
Իսկ Մ23 տարեկանների առաջնություն ոսկե մեդալներ էին նվաճել նաև Հակոբ Մկրտչյան և Սամվել Գասպարյանը: Մ23 տարեկանների պայքարում Տաթև Հակոբյանն ու Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները: