Վերջին օրերին հայկական մամուլում տեղեկություններ է տարածվել, թե «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին անդամ Հովիկ Ներսեսյանը հրաժարվում է վերադառնալ Հայաստան եւ քաղաքական ապաստան է խնդրել Անգլիայում: Հովիկ Ներսիսյանը հարցազրույց է տվել անգլիական «shropshirestar.com»-ին եւ մասնավորապես ասել է, - «Իմ երկրում հետախուզման մեջ եմ: Եթե վերադառնամ, ինձ կբանտարկեն, ինչից հետո կզորակոչեն: Իմ կյանքը կլինի վտանգված: Հայաստանում ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է բանակ: Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության հետեւանքով զոհվում են հայ զինվորներ: Շրոփշիրում (Անգլիա) ես ինձ անվտանգ եմ զգում: Հույս ունեմ, որ դատարանը դրական որոշում կընդունի»:
Այս առումով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացնում է պարզաբանումներ:
- Հովիկ Ներսեսյանը մինչեւ 2015 թվականը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա երիտասարդական հավաքականներում: 2015 թվականին ձմեռային զորակոչից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համաձայն ընդունված կարգի այդ ֆուտբոլիստները իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երեւանում: Ցուցակում ընդգրկված է եղել նաեւ Հովիկ Ներսեսյանը: Սակայն վերջինս հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թվականի աշնանը Հովիկ Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարեկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից եւ 2016 թվականին մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից:
Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից. կարծում եմ նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է եւ ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառնների հետ: