Մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում տեղի ունեցավ Ալժիրի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց 3-1 հաշվով հօգուտ Ալժիրի հավաքականի:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետխաղյա մամուլի ասուլիսին հիմնականում ներկա են եղել Ալժիրը և Շվեյցարիան ներկայացնող լրագրողները, ուստի հնչել են հիմնականում Ալժիրի հավաքականի մասին:
Հենց այդ պատճառով ՀՖՖ պաշտոնական կայքը կարճ առանձնազրույց է ունեցել Բեռնար Շալանդի հետ, որում մարզիչն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականին.
«Ես արդեն ասել եմ, որ Ալժիրի հավաքականը լավ թիմ է և կարծում եմ, որ այս խաղը շատ կարևոր էր մեզ համար: Պետք է ընդունենք այն, պետք է ճիշտ հետևություններ անենք: Մենք խաղացինք շատ լավ թիմի դեմ: Իհարկե, ավելի լավ է հաղթել կամ խաղալ ոչ-ոքի: Թիմը չընկճվեց 3-0 հաշվից հետո, ինչը դրական միտում է: Պետք է շարունակել աշխատել: Ես տեսնում եմ, որ թիմը ուզում է աշխատել, ուզում է սովորել:
Մենք երկու գնդակ ընդունեցինք անկյունայինի խաղարկումից հետո: Եվս մեկ գոլ բաց թողեցինք դաշտի կենտրոնում սխալվելուց հետո: Այժմ մենք պետք է աշխատենք, որպեսզի խուսափենք նման սխալներից: Եվ պետք է կայունացնենք խաղը պաշտպանությունում:
Այժմ ունենք ևս մի հնարավորություն ցույց տալու մեր կարողությունները շատ ուժեղ թիմի հետ խաղում և ես չեմ բացառում, որ մենք լավ խաղ կցուցադրենք Գերմանիայի դեմ:
Ինչ վերաբերվում է Արասին, առայժմ չեմ կարող ասել՝ որքանով է լուրջ վնասվածքը, պետք է սպասել հետազոտության արդյունքներին»: