▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզում եմ ներողություն խնդրել Մխիթարյանից». Վալերի Հովհաննիսյան

ArmFootball.com-ը գրում է. Ֆուտբոլային գործակալՎալերի ՀովհաննիսյանըСоветский Спорт-ին տված հարցազրույցում մանրամասներ է պատմել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա ՄովսիսյանիԱրաս ՕզբիլիզիԷդգար Մանուչարյանի ուՀենրիխ Մխիթարյանի տրանսֆերային պատմություններից:

- Դժվար էր կապվել Ձեզ հետ: Ու՞ր էիք անհետացել:

- «Տորպեդոյից» հեռանալուց հետո գործակալությամբ նորմալ չեմ զբաղվել: Մինչ այդ շատ եմ աշխատել, հիմա հանգստանալու ժամանակն է: Ընտանիքիս հետ էի:

- Ֆուտբոլային կարիերան շուտ ավարտեցիք` 23 տարեկանում արդեն գործակալությամբ էիք զբաղվում: Ինչու՞ չստացվեց ֆուտբոլային կարիերան:

- Մի քանի պատճառ կար: Պատանեկան տարիքում ինձ հետ հույսեր էին կապում, խաղում էի Մոսկվայի «Դինամոյի» պատանեկան թիմում: Սակայն չկարողացա հիմնական կազմ տեղափոխվել: 90-ականների վերջում տեղափոխվեցի Մախաչկալայի «Դինամո»` երկրորդ դիվիզիոն: Այդ ժամանակ ֆուտբոլիստներն այդքան շատ չէին ստանում, որքան հիմա: Ինչ-որ մի պահ հասկացա, որ փայլուն կարիերա չեմ ունենալու, ու որոշեցի հեռանալ: Երկու-երեք տարի ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունեի, իսկ հետո բարեկամներիցս մեկը ինձ հետ միասին գործակալություն բացեց:

- Ինչի՞ց սկսեցիք:

- Մանկապատենական ֆուտբոլից, երկրորդ լիգայից: Ծանոթություններ էի ձեռք բերում, անուն հանում: Դժվար ժամանակներ էին` 24 ժամ ուղևորությունների մեջ, մեքենայի մեջ էի քնում: Սակայն, աստիճանաբար, գործերը սկսեցին ստացվել: 2008թ.-ին մի քանի ֆուտբոլիստներ տեղափոխեցի ԲԿՄԱ ու սկսեցի աշխատել բանակայինների հետ:

- Ու՞մ բերեցիք:

- Նիգերիայի պատանեկան հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Օսենիին, տաղանդավոր երիտասարդների Տոլյատիից` Համբարձումյանին, Ստոլյարենկոյին: Կազմակերպեցի Պիլիևի տեղափոխությունը «Լոկոմոտիվից»: Այն ժամանակ բոլորը կարծում էին, որ Պիլիևին ֆանտասիկ կարիերա է սպասում, գերազանց խաղաց «Վոլֆսբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայում, սակայն հետո վնասվասծք ստացավ, ողնաշարի վիրահատության ենթարկվեց: Բայց Նիկան դեռ 24 տարեկան է, կարող է մի բան ստացվել:

- Ինչպե՞ս կգնհատեք ԲԿՄԱ-ում Ձեր աշխատանքը:

- Ակումբի նախագահ Եվգենի Գիների հետ փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ էին: Ջերմությամբ եմ հիշում այդ ժամանակները: Հետո սկսեցի համագործակցել այլ թիմերի հետ, հասկացա, որ Գիները հանճարեղ նախագահ է: Մտնում էիր նրա աշխատասենյակ սեփական գաղափարներով, հեռանում` նրա գաղափարներով: Լավ իմաստով: Շատ բան եմ նրանից սովորել:

- Իսկ ինչու՞ դադարեցրիք համագործակցությունը:

- 2012թ.-ին, երբ Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարից» տեղափոխվեց «Սպարտակ», նրա ծառայություններով չափազանց հետաքրքրված էր նաև ԲԿՄԱ-ն: Սակայն բանակայինները «Սպարտակի» համեմատ շատ քիչ էին առաջարկում: Իմ գործակալությունն էլ լավ ժամանակներ չէր ապրում. տրանսֆերները քիչ էին, շատ հարցեր էին կուտակվել: Ու մենք չէինք կարող ընդունել ԲԿՄԱ-ի առաջարկը: Ինքը` ֆուտբոլիստն էլ ուզում էր «Սպարտակ» տեղափոխվել:

- Գիները նեղացա՞վ:

- Եվգենի Լեննորովիչի տեղը ես լինեի, ես էլ կհիասթափվեի երևի: Բայց չեմ կարող ասել, որ ԲԿՄԱ-ն շատ բան կորցրեց` Մովսիսյանին բաց թողնելով: Այդ ժամանակ բանակայինների հարձակման գծում հրաշալի ֆուտբոլիստներ էին խաղում. Վագները գնում-գալիս էր, Դումբիան էր թիմում:

- Մովսիսյանի` ՄԼՍ տեղափոխության գործարքին չեք մասնակցե՞լ:

- Ոչ:

- Ինչու՞ Յուրայի մոտ չստացվեց «Սպարտակում»:

- Ես այդպես չեմ կարծում: Նա շատ գոլեր է խփել: Կարծում եմ` վերջին 10 տարիների ընթացքում Յուրան Վելիտոնի ու Պավլյուչենկոյի հետ միասին կարող է համարվել «Սպարտակի» լավագույն հարձակվողներից մեկը:

- Մովսիսյանը, հեռանալով «Սպարտակից», հետաքրքիր բան ասեց. «Որքան լավ էի խաղում «Սպարտակում», այդքան ավելի վատ էին ինձ վերաբերվում»: Հետո բացատրեց, որ խոսքը մամուլի մասին էր:

- Էմոցիաների տակ է եղել երևի: Յուրան շատ լավ տղա է: Միշտ էլ նվիրվել է «Սպարտակի» խաղերին: Երբ նոր էր տեղափոխվել, ինձ միշտ ասում էր, որ հպարտ է նման մեծ թիմ տեղափոխվելու համար:

- Նաև «Կուբանից» «Սպարտակ» տեղափոխեցիք Օզբիլիզին: Արասի` «Բեշիքթաշ» տեղափոխությանը նույնպես չեք մասնակցե՞լ:

- Արասը խորհրդակցել է ինձ հետ, սակայն բանակցություններին չեմ մասնակցել:

- Իսկ Օզբիլիզի մասին կարելի՞ է ասել, որ չստացվեց «Սպարտակում»:

- Նրան վնասվածքները խանգարեցին: Կարծում եմ` եթե չլինեին վնասվածքները, ապա ամեն ինչ կստացվեր: Արասը տաղանդ է, սակայն երբ երեք-չորս լուրջ վիրահատություն է տանում, դժվար է վերադառնալ նախկին մակարդակին: Իսկ Օզբիլիզը նույնիսկ Եվրոպայում գնահատված ֆուտբոլիստ է:

- Համագործակցել եք «Ուրալի» հետ:

- Այո, նախագահ Գրիգորի Իվանովի խորհրդականն էի, հետո էլ` ակումբի մարզական տնօրենը: Թիմ եմ բերել այսօրվա առաջատարներին` Ասևեդոյին, Լունգուին, Մանուչարյանին: Մի ժամանակ սեփական միջոցներով մրցաշար էի կազմակերպում Մոսկվայում, հավաքում էի տաղանդավոր լեգիոներների, ու մի քանի օր ընտրում էի: Մրցաշարերից մեկի ժամանակ լավագույնները Ասևեդոն ու Լունգուն էին: Մի դեպք պատմեմ. Ասևեդոն ժամանեց ակումբի հետ պայմանագիր կնքելու, սակայն պայմանագրի մեջ խոստացածից ցածր աշխատավարձ էր նշած: Ես հրաժարվեցի իմ աշխատավարձից, ասացի, որ Ասևեդոյին վճարեն: Եղել է, որ իմ միջոցներով եմ գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Օրինակ, Մանուչարյանին «Փյունիկից» բերեցի «Ուրալ»` վճարելով 300 հազար եվրո: Հասկանում էի, որ շատ տաղանդավոր է: Կարծել եմ ու կարծում եմ, որ նա ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստն է:

- Մխիթարյանից էլ տաղանդավո՞ր:

- Մխիթարյանը ֆանտասիկ է, սակայն Մանուչարյանի ֆուտբոլային նրբությունը, տեխնիկան, մարտավարական ընկալումը բարձրակարգ է: Եթե Էդգարը կարողանար Մխիթարյանի պես ֆիզիկական աշխատանք կատարեր, ապա աստղ կդառնար: Սակայն Մանուչարյանը մրցաշրջանի կեսը բաց է թողնում վնասվածքի պատճառով: Դա շատ շատ է: Աստված տա վնասվածքներ չունենա, որովհետև այս մրցաշրջանում խաղում է, գոլեր է խփում: Չեմ կարող եմ ասել, որ նա ամենաուժեղ հայ ֆուտբոլիստն է, սակայն միլիոն տոկոսով համոզված եմ` ամենատաղանդավորն է: Իմիջիայլոց, Մխիթարյանի մասին մի պատմություն էլ կա:

Դեռևս մինչև «Բորուսսիա» մեկնելը նա պետք է «Շախտյորից» «Անժի» տեղափոխվեր: Ֆանտաստիկ թվեր էին տալիս. 6 մլն եվրո վճարում էին միանգամից, նույն չափի աշխատավարձ: Պարգևավճարները` աներևակայելի թվեր: Ստացվեց այնպես, որ վիճեցի Հենրիխի հետ համոզելու պատճառով: Հարցը փողը չէր: Անկեղծորեն ուզում էի իրականացնել այդ տրանսֆերը, կատարել իմ առջև դրած խնդիրը: «Շախտյորի» ղեկավարներն էլ ավելի շատ հակված էին «Անժիի» տրանսֆերին, սակայն Հենրիխը չէր համաձայնվում: Ասում էր` ուզում է Եվրոպա մեկնել: Մի խոսքով, ուզում եմ ներողություն խնդրել նրանից այդ ճնշման համար: Նա շատ ճիշտ արեց, որ տեղափոխվեց Դորտմունդ ու չնայեց փողերին: Իսկ այդ պահին Մխիթարյանը նաև «Սպարտակից» լուրջ առաջարկ ուներ:

- Իսկապե՞ս:

- Այո, ես բերել էի նրան «Սպարտակ»: Ջևան Չելոյանցը, ակումբի բաժնետերերից, ասաց. «Ահա քեզ դատարկ թուղթ, գրի, թե ինչքան ես ուզում ստանալ»: Բայց Հենրիխը միտված էր դեպի Եվրոպա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее