Արդեն հայտնել ենք, որ այսօր հայտնի են դարձել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքները: Լոնդոնի «Արսենալը» նույն խմբում է ընդգրկվել ադրբեջանական «Ղարաբաղի» հետ:
Բացի այս, նույն խմբում է նաև «Վորսկլան», որտեղ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը:
Սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող Քրիս Ուոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը. «ՈՒԵՖԱ-ն կատարում է ստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներին համապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ և մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»:
Լոնդոնյան ակումբի երկրպագուների twitter-ի էջն էլ` «afcstuff»-ը, գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի լարված հարաբերությունների պատճառով Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղին:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,- Հիքմեթ Հաջիևի խոսքերը փոխանցում է 1news.az-ը: