ՄՊՀ-ն ընդհանուր շուրջ 750 մլն դրամով տուգանել է շահումով խաղերի ոլորտի խոշոր տնտեսավարողներին հովանոցային գովազդ իրականացնելու համար։
Օրինակ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ նշանակել է 310 228 000 մլն դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու համար:
«Մասնավորապես, հովանոցային գովազդն իրականացվել է սոցիալական ցանցերի էջերում, հայտնի անձանց («ինֆլուենսերներ») կողմից արված գրառումներում, վճարային տերմինալների գովազդային վահանակների վրա, գեղարվեստական ֆիլմերում և այլ միջոցներով:
Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված են սահմանափակումներ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդի իրականացման համար»,- ասված է ՄՊՀ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարուցված վարույթների քննության արդյունքում պարզվել է, որ «Դիջիթեյն» ընկերությունն իրեն պատկանող ապրանքային նշաններն օգտագործել են օրենքին հակասող ձևերով և եղանակներով, ինչպես նաև արձանագրվել է փոխկապակցված ընկերությունների միջոցով այդ ընկերությունների ապրանքային նշաններին շփոթելու աստիճանի նման ապրանքային նշանների և դրանց առանձին տարրերի, ֆիրմային անվանման օգտագործման դեպքեր: