Transfermarkt-ն այսօր թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, հայտնում է Armsport.am–ը։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։ Այս ցուցանիշով նա առաջատարն է Ա Սերիայում հանդես եկող 34 տարեկանը լրացած (34 տարեկան և բարձր) ֆուտբոլիստների շրջանում։
Ընդհանրապես, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարունակում է մնալ 34 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները:
Այս ցուցանիշով առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 35 մլն եվրո տրանսֆերային արժեքով։ Մխիթարյանն այս վարկանիշում կիսում է 9-10-րդ տեղերն իր նախկին խաղընկեր, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Հումելսի հետ։