Նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Երևանում է, եկել է հանգստանալու, բայց այլ պլաններ էլ ունի:
«Կարիերաս, կարելի է ասել, ավարտել էի 2017 թվականի հունվարին, բայց մարտ ամսին առաջարկ ստացա Ռուսաստանից` մենամարտ անցկացնելու աշխարհի ներկայիս չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնվեցի անցկացնել այդ մենամարտը, քանի որ նա աշխարհի գոտի ուներ: Ես չեմպիոնական 9 գոտի ունեմ, և ցանկացա մենամարտել նաև 10-րդի համար: 3 շաբաթվա ընթացքում մեկ մենամարտ անցկացրի, որը բավականին լավ ստացվեց: Այդ մենամարտի տեսագրությունն ուղարկեցի Մոսկվա, նայեցին ու պետք է պատասխան տային, բայց մինչև հիմա լռում են: Ասում են, որ Գրադովիչի հետ մենամարտը կկայանա: Սպասում եմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիկ Դարչինյանը՝ հավելելով. «Կարիերաս ավարտելուց հետո առաջարկեցին մենամարտել, մտածելով, որ իրենց համար հեշտ կլինի, բայց, տեսնելով, որ 3 շաբաթ նախապատրաստվելով լավ մենամարտ անցկացրի, առաջին ռաունդում նոկաուտով հաղթեցի թայլանդացի բավականին ուժեղ բռնցքամարտիկին, կարծես` հետ են կանգնել: Նայելով այդ մենամարտի տեսագրությունը` նրանք մինչև հիմա մտածում են: Բայց իրենք են ինձ առաջարկել ու վերադարձրել մեծ ռինգ»:
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ մարզիկը նշեց, որ ցանկանում է օգնել բռնցքամարտիկի ուղին բռնած երիտասարդներին:
«Այստեղ մենք ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ ռինգում և՛ լավ նվաճումներ ունենալ, և՛ լավ գումարներ աշխատել: Այստեղ նրանք կարող են մարզվել, իսկ մարզումային վերջին փուլն անցկացնել ԱՄՆ-ում, իսկ հետո մենամարտ անցկացնել: Ես կտամ նրանց այդ հնարավորությունը:
Շուտով կհիմնեմ պրոմոտորական կազմակերպություն, որն այդ ամենի հնարավորությունը կտա: Այստեղ նրանք չեն կարող մեծ հաջողությունների հասնել, քանի որ իրենց սպարինգ մրցակիցներ են անհրաժեշտ, մասնավորապես` մեքսիկական, որոնք կօգնեն աճել: Իմ ազգանունը շատ հայտնի է ԱՄՆ-ի հեռուստաընկերություններում: Եթե նրանք իմանան, որ այս կամ այն մարզիկը Վիկ Դարչինյանի բռնցքամարտիկն է, հնարավորություն կտան մենամարտելու: ԱՄՆ-ում շատ-շատ բռնցքամարտիկներ կան, յուրաքանչյուր քաշային կարգում հազարից ավել և այնտեղ շատ դժվար է հեռուստաընկերության ուշադրությանն արժանանալը: Պետք է մոտ 20 մենամարտ անցկացնես, որ հեռուստաընկերությունը հեռարձակի քո մենամարտը: Կարծում եմ` իմ անունը միայն հերիք է, որ հայ բռնցքամարտիկներին եթեր տրամադրեն: Դրանից հետո արդեն նրանցից է կախված: Կուզենամ` օգտակար լինել»,-նկատեց Վիկ Դարչինյանը:
Անի Կարապետյան