Ֆուտբոլային մարզիչ, ճանաչված նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը, որ հայկական ֆուտբոլի մասին հրապարակումների շարք է սկսել, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մինչ կշարունակեմ ձեզ խոստացած իմ շարքը, կուզենամ խոսալ մեր Հավաքականի, ավելի կոնկրետ մեր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի վերաբերյալ։
Մեր Հավաքականի մարզիչը կարծես իր որոշումների մեջ հայտնվել է միակ պատասխանատուի դերում։ Ես այժմ չեմ խոսի իր որոշումների բացարձակ ճշմարտացիության մասին։
Հայկական ֆուտբոլի իրողություններում Ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության կարեւորագույն բաղադրիչներից է ունենալ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարություն, որն ինքնին ենթադրում է մեծ հավատ ու վստահություն մարզչի հանդեպ։
Այս պահի դրությամբ Պետրակովը փորձում է լուծել կարճաժամկետ խնդիր՝ այն է հաղթել, եւ այդ ճանապարհին նա կայացնում է համապատասխան որոշումներ, որոնք ընդունվում են ոչ միանշանակ, եւ բոլոր հարվածներն ընդունում իր վրա միայնակ՝ առանց նկատելի աջակցության: Այս գործընթացը ինչպես միշտ տանում է մեզ ծանոթ եւ կրկնվող տեղ՝ նոր մարզչի փնտրտուք։
Ես հայտնում եմ իմ վստահությունն ու աջակցությունը Հավաքականի մարզչին, հարգանքով մոտենոմ իր որոշումներին՝ շատ լավ իմանալով, թե դա ինչքան կարեւոր է թիմի հաղթանակների համար: