▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ տարի՝ «Մանչեսթեր Յունայթեդում». ակումբի կայքն ամփոփել է Մխիթարյանի մրցաշրջանը

Հայաստանի ագգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն մեկ տարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքն առաջարկում է վերհիշել Մխիթարյանի մեկ տարին ակումբում՝ նշելով, որ իրենց հայ կիսապաշտպանը պարբերաբար  մրցանակներ նվաճեց լավագույն գոլերի համար, ինչպես նաև խփեց մրցաշրջանի լավագույն գոլը՝ կարիճ հարվածով: Ըստ կայքի՝ Մխիթարյանն ակումբում արդեն իսկ պատմություն է կերտել՝ Եվրոպա լիգայի 5 արտագնա խաղերում դառնալով գոլերի հեղինակ:

Հուլիս 2016 (3 խաղ, 1 գոլ)

Մխիթարյանը եկավ  «Յունայթեդ» և ասաց, որ կատարվել է իր երազանքը:  Մխիթարյանը լավ խաղաց իր առաջին միջմրցաշրջանային խաղում՝ «Ուիգանի» հետ, ինչպես նաև կարողացավ գոլի հեղինակ դառնալ իր նախկին ակումբի՝  Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում:

Օգոստոս  2016 (4 խաղ, 0 գոլ)

Օգոստոսին Մխիթարյանը ստացավ իր առաջին մրցանակը՝ թիմի հետ խաղթելով  Անգլիայի սուպերգավաթում : «Լեսթերի» հետ  սուպերգավաթային խաղում Մխիթարյանը փոխարինեց Մատային:  Մեկ շաբաթ անց Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով խաղաց Պրեմիեր լիգայում: Մոուրինիոն նշեց, որ Մխիթարյանը դեռ նորեկ է, և նրան դեռ ժամանակ է պետք հարմարվելու համար:

Չնայած մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն էր, ով խաղաց Պրեմիեր լիգայում, պետք է նշել, որ ավելի վաղ Պրեմիեր լիգայում խաղացել է նաև հայազգի Անդրանիկ Թեյմուրյանը, ով, սակայն, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

Սեպտեմբեր  2016 (1 խաղ, 0 գոլ)

Սա ամենաբարդ ու զայրացնող ամիսն էր Մխիթարյանի համար: Հավաքականում ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և բացակայեց որոշ ժամանակով: Այնուհետև Մխիթարյանը խաղաց մանչեսթերյան դերբիում, ինչը նրա համար շատ անհաջող էր:

Հոկտեմբեր 2016 (0 խաղ, 0 գոլ)

Հոկտեմբերին Մխիթարյանը չմեկնեց Հայաստան՝ շարունակելով վերականգնվել Մանչեսթերում: Մոուրինիոն նշեց, որ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, ում վերականգնվել է պետք: Ըստ մարզչի՝ Մխիթարյանին շատ խանգարեց վնասվածքը, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր:

Նոյեմբեր 2016 (4 խաղ, 0 գոլ)

Նոյեմբերին Մխիթարյանը վերադարձավ՝ խաղալով Եվրոպա լիգայում՝  «Ֆեյենորդի» հետ խաղում: Այս խաղում երկրպագուները տեսան նոր Մխիթարյան: Նրանք հոտընկայս ծափահարեցին Մխիթարյանին, իսկ խաղից հետո էլ կոչեցին լավագույնը:

Այն հարցին, թե արդյո՞ք սա վերադարձ և նոր սկիզբ էր, Մխիթարյանը պատասխանեց, որ հույս ունի:

Դեկտեմբեր  2016 (5 խաղ, 3 գոլ)

Դեկտեմբերը Մխիթարյանի ամիսն էր: Երկրպագուները տեսան այն խաղը, որին սպասում էին: Առաջին գոլը Մխիթարյանը խփեց  «Զարյա Լուգանսկի» դեմ խաղում: Օրեր անց «Օլդ Թրաֆորդում»  նա խփեց իր թիմի միակ և հաղթական գնդակը  «Տոտենհեմի» դարպասը:

Դեկտեմբերին նա խփեց գնդակ, որը դեռ երկար կմնա պատմության մեջ: «Սանդերլենդի» դեմ խաղում Մխիթարյանը գրավեց դարպասը կարիճ հարվածով, իսկ խաղից հետո էլ ասաց, որ դա իր կարիերայի լավագույն գոլն էր:

Հունվար  2017 (5 խաղ, 1 գոլ)

Հունվարին Մխիթարյանը կրկին հրաշալի մարզավիճակում էր: Նրա ՝ «Ուիգանի» դարպասը խփած գոլը կրկին ճանաչվեց լավագույնը: Բացի այդ գոլից, Մխիթարյանը շատ օգնեց Մոուրինիոյի թիմին՝ շատ կարևոր գոլային փոխանցում կատարելով Մատային՝ Լիգայի գավաթի կիսաեզրափակչում:

Փետրվար 2017 (5 խաղ, 2 գոլ)

Ըստ մանչեսթերյան ակումբի  պաշտոնական կայքի՝ փետրվարը ևս դրական ամիս էր Մխիթարյանի համար: Նա ապացուցեց, որ լավ է խաղում թե՛ տանը և թե՛ դրսում: Նա գեղեցիկ գոլեր խփեց «Լեսթերի» և «Սենտ-Էտյենի» հետ խաղերում:

Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց Լիգայի գավաթի եզրափակչին, բայց, միևնույն է, այս ամիսը նրա համար շատ հաջող ստացվեց:

Մարտ  2017 (3 խաղ, 1 գոլ)

Մարտ ամսին Մխիթարյանը կարևորագույն գոլ խփեց իր թիմի համար: Եվրոպա լիգայում Մխիթարյանը կարողացավ գրավել  «Ռոստովի» դարպասը։ Մարտին տեղի ունեցավ հավաքականների դադար, որին Մխիթարյանը մեկնեց հրաշալի մարզավիճակում:  MUTV-ի հետ զրույցում Մխիթարյանն ասաց, որ իրենց թիմը հրաշալի է, իրենք լավ են խաղում, և ինքը հուսով է, որ թիմը մրցանակներ կնվաճի:

Ապրիլ  2017 (8 խաղ, 3 գոլ)

5 ամսում Մխիթարյանը 4 անգամ նվաճեց ամսվա լավագույն գոլի համար նախատեսված մրցանակը: Սա հրաշալի արդյունք է: Ապրիլին Մխիթարյանը միայն մեկ խաղ բաց թողեց, իսկ մնացած 8 խաղերում դարձավ 3 գոլի հեղինակ:

Մայիս  2017 (6 խաղ, 1 գոլ)

Մխիթարյանի համար մայիսը ևս հիշարժան ամիս էր. ամեն օր չէ, որ հաղթում ես Եվրոպա լիգայում: Ամբողջ տարին թիմի խաղերում մեծ ներդրում ունենալով՝ Մխիթարյանը եզրափակչում ևս օգնեց իր թիմին՝ խփելով ակրոբատիկ գոլ: Եվ, զարմանալի չէ, որ նրա գոլը կրկին ճանաչվեց ամսվա լավագույնը:

 

blog.168.am

 

 

Հիշեցնենք` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա այսօր` օգոստոսի 8-ին, Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

«Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը՝ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее