«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանն այս օրերին գտնվում է Ավստրալիայում` մասնակցելու տեղի հայ համայնքի համար կազմակերպված համերգին, որն անց է կացվել Հայաստանի Սփյուռքի նախարարության հովանավորությամբ: Asekose.am-ի թղթակիցը կապվել է երգչուհու հետ` պարզելու համերգի մանրամասների, հանդիսատեսի վերաբերմունքի և այլ մանրամասների մասին:
Մեզ հետ զրույցում Մաշա Մնջոյանը պատմեց, որ համերգի հրավերը ստացել է Հայրենիք-սփյուռք կազմակերպության Սիդնեյի մասնաճյուղից: Նշենք, որ Մաշա Մնջոյանի հետ միասին Սիդնեյ են մեկնել նաև Ֆորշը և ժողովրդական երգիչ Մուրադ Մալխասյանը:
Խոսելով համերգի և իր տպավորությունների մասին` երգչուհին պատմեց, որ երեկ կայացած համերգի ժամանակ կատարել է ինչպես իր, այնպես էլ արտասահմանյան հիթեր, Կոմիտաս.
«Մի խոսքով, կատարել եմ երգեր, որոնք հարազատ են հայերի համար»,- ասաց Մաշա Մնջոյանը:
Երգչուհին պատմեց նաև, որ մինչ համերգը նրանք հանդիպում են ունեցել Սիդնեյի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի և Հայրենիք-Սփյուռք հանձնախմբի հետ, ինչպես նաև ազատ ժամանակ, թեև այն այդքան էլ շատ չի եղել, այցելել են Սիդնեյի տեսարժան վայրերը:
Զրույցի վերջում Մաշան անդրադարձավ նաև իր հետագա անելիքներին` պատմելով, որ առաջիկայում պետք է ելույթ ունենա նաև Ռոբերտ Ամիրախանյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան