Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, որոնք կարող են վնասել մեր երկրին. շախմատի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին
Հայաստանի շախմատի հավաքականի անդամները շնորհավորել են Սերժ Սարգսյանին խորհրդարանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնել նրան:
Շախմատիստները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աջակցությունն են հայտնում նորընտիր վարչապետին ՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի:
«Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սերժ Սարգսյանին և մեր աջակցությունն ենք հայտնում նրան՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Երկար տարիներ աշխատելով Սերժ Սարգսյանի հետ, մենք՝ շախմատիստներս, ավելի քան զգացել ենք նրա պատրաստակամությունն ու նվիրումը՝ անել ամեն ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի նվաճումների համար։
Այդ ամենը բազմիցս ապացուցվել է մեր հաջողություններով, ինչի արդյունքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր երկրով, մեր ժողովրդի ստեղծագործ և մտավոր ուժով։
Հենց Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը 3 անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի և մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոնի կոչումը՝ փաստորեն դառնալով աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը:
Համոզված ենք, որ շախմատի ոլորտում մեր ունեցած ու շարունակվելիք հաջողությունները ձեռք են բերվել այդ թվում նաև մեր այն ներքին համոզման ու վստահության, որ Հայրենիքում բոլորս միասնական ենք, մի ուժ ենք ու ուս ուսի կանգնած։
Այսօր ևս մեկ անգամ ուզում ենք վերահաստատել մեր այդ համոզումը, որ մեր ներքին միասնությունն ու ուժը մեր հաղթանակների առհավատչյան են եղել ու կլինեն։ Հաշվի առնելով այս օրերին մեր երկրում տեղ գտած իրադարձությունները՝ կոչ ենք անում բոլոր կողմերին մնալ ողջամտության դաշտում և ազգային բացառիկ համերաշխության ոգուն հավատարիմ։
Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել թե մեր երկրին, թե մեր հասարակության յուրաքանչյուր անդամի։
Հավատացած ենք, որ որևէ իրավունք չպետք է սահմանափակվի, միաժամանակ սակայն, որևէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքներն ու խաչ քաշի մեր ձեռքբերումների վրա: Համոզված ենք, որ որպես շախմատային պետություն, միահամուռ ջանքերով կկարողանանք գտնել իրավիճակի լավագույն լուծումը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են օլիմպիական չեմպիոններ, միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, հավաքականաի անփոփոխ գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: