Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով օրերս տեղափոխվել է «Ռոմա», խոսեց նոր ակումբի, ինչպես նաև հավաքականի խաղից իր ակնկալիքների մասին․
«Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին օրը: «Տոտենհեմ»-ի հետ խաղից հետո զանգ ստացա գործակալիցս, ով ասաց, որ պետք է մեկնեմ Հռոմ՝ բուժզննման։ Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալ»-ում շատ հանդիպումներ չէի անցկացնում ու որոշեցի տեղափոխվել մի թիմ, որտեղ մարզիչն ավելի շատ վստահ կլինի իմ որակների վրա և ավելի շատ խաղաժամանակ կստանամ:
Իտալիայի ներկայիս հավաքականը տարբերվում է նախորդ հավաքականներից, որոնց դեմ խաղացել ենք: 2012 թվականին էր վերջին խաղը, որ անցկացրել ենք Իտալիայի հետ: Նրանց կազմն է փոխվել, մարզիչը, խաղային փիլիսոփայությունը: Այդ տարիների ու ներկայիս հավաքականները տարբեր են: Կփորձենք անել առավելագույնը և պատվով հանդես գալ»: