ԱԱ-2014-ի ընտրական փուլում իր վերջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականը: Նեապոլում մրցելով խմբի առաջատար, 1-ին հորիզոնականն ապահոված Իտալիայի ընտրանու հետ՝ մեր հավաքականը 2 անգամ առջևում էր հաշվի մռջ, սակայն հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2-2: Footballcity.am կայքը 10 բալանոց համակարգով գնահատականներ է տվել մեր ընտրանու ֆուտբոլիստների ելույթներին:
Ռոման Բերեզովսկի-7.5
Մեր հավաքականի ավագը, չնայած բաց թողած 2 գոլերին, բավականին վստահ տեսք ուներ: Խփված գոլերում ոչ մի կերպ չենք կարող մեղադրել Բերեզովսկուն, իսկ չխփված գոլերում նա իր մեծագույն ներդրումն ունեցավ:
Հրայր Մկոյան-5.5
Մկոյանն այս հանդիպումն անցկացրեց աջ պաշտպանի դիրքում և գուցե հենց այս հանգամանքը թույլ չտվեց վերջինիս գործել ուժերի առավելագույն չափով: Իտալացիների գրոհների ժամանակ բավականին ազատ էր մնում մեր պաշտպանության հենց աջ եզրը:
Ռոբերտ Արզումանյան-6.0
Արզումանյան-Հարոյան կենտրոնական պաշտպանության զույգի տարանջատումը դարձավ ընդունած 2-րդ գոլի գլխավոր պատճառը: Պիրլոյի փոխանցումների մեծամասնությունը կենտրոնով էր և փաստենք, որ փոխանցումների մեծամասնությունը հեշտանցանելի էր:
Վարազդատ Հարոյան-6.5
Մի քանի դրվագներում Հարոյանն աչքի ընկավ սառնասիրտ գործողություններով: Մեր պաշտպանը չէր ցանկանում ռիսկի դիմել և հաճախ գնդակը փորձում էր պարզապես հեռացնել, սակայն, ինչպես արդեն ասվեց, նրա եղքը նույնպես կար Բալոտելիի գոլի ժամանակ:
Լևոն Հայրապետյան-6.0
Հայրապետյանի խաղային պրակտիկայի բացակայությունը շարունակում է ազդել նրա խաղի վրա. գուցե ձախ եզրից նրա արագ միացումները ստացվում էին, բայց շատ էին պարզագույն սխալները:
Կառլեն Մկրտչյան-7.0
Մկրտչյանը խաղում էր այն խաղը, որը նա մշտապես խաղում է. «քանդել» մրցակցի գրոհները և նահանջել ճիշտ ժամանակին: Մի քանի դրվագներում իտալացիների առաջատար Անդրեա Պիրլոն լուրջ բարդություններ ունեցավ Մկրտչյանի դեմ պայքարելիս. Յուվենտուսի կիսապաշտպանի փոխանցումները սկսեցին ավելի շատ հետ կատարվել, քանի որ Կառլենը շատ լավ էր դիմավորում:
Արթուր Եդիգարյան-5.5
Ընդգծված հուզվածությունը Եդիգարյանին մղեց մի քանի կոպիտ սխալների: Դաշտի կենտրոնում նա գնդակը պարզապես նվիրեց մրցակցին, իսկ գերարագ միացումներով գործող մրցակիցը շտապեց հավասարեցնել հաշիվը: Արթուրն, առհասարակ, գործում է վստահ և լավ է իրեն զգում հենակետային գոտում, սակայն այց անգամ բացերը շատ էին:
Գևորգ Ղազարյան-6.5
Ղազարյանն առջևի գծում փոքրիշատե աննկատ էր, սակայն ստացվում էին նրա այն գործողությունները, որոնք միտված էին պաշտպանական գործողություններին օժանդակելուն:
Հենրիխ Մխիթարյան-7.5
Մխիթարյանը մեր հակագրոհների համար 1-ին շարժիչն էր: Նրա միջոցով կազմակերպվում էին եզրային միացումները, իսկ անհատական խաղը փոքր-ինչ կաղում էր:
Արաս Օզբիլիզ-6.5
Օզբիլիզը գործում էր իրեն հատուկ ոճով: Աջ եզրում գեղեցիկ անցումներ, որոնք արվում էին կարճ տարածության վրա. սակայն, ինչպես երևում էր, իտալացիները լավ էին ուսումնասիրել նրա խաղը և անցումից հետո միանգամից 2 ֆուտբոլիստներով նետվում էին Սպարտակի կիսապաշտպանին չեզոքացնելու:
Յուրա Մովսիսյան-6.5
Հենց սկզբում Յուրան հիանալի ազատվեց պաշտպանների հսկողությունից և գրավեց Մարկոտիի պաշտպանած դարպասը: Սակայն հետզհետե Մովսիսյանն աննկատ էր մնում խաղադաշտում:
Կամո Հովհաննիսյանը, Մարկոս Պիցելին և Արթուր Սարկիսովը խաղադաշտում քիչ ժամանակահատված անցկացրին և նշանակալի գործողություններով աչքի չընկան: