Ինչպե՞ս է ԿԳՍՄ փոխնախարար Կարեն Գիլոյանը մխիթարում հայ բռնցքամատիկին․ Մերոնք այս անգամ բավարարվել են բրոնզե մեդալներով
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Հովհաննես Բաչկովն (63,5 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ):
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնություններում նվաճել է կարիերայի 4-րդ բրոնզե մեդալը: Կիսաեզրափակչում Բաչկովը մենամարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևի հետ և 0:5 հաշվով պարտություն կրել:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանն էլ կիսաեզրափակչում զիջել է Իտալիայի ներկայացուցիչ Աբես Ազիզ Մոհիդինին:
Բաչկովն ԱԱ-ի 1/8 եզրափակչում ավելի վաղ 5:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթել էր Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարային:
Նարեկ Մանասյանն ավելի վաղ 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պուրիա Ամիրիին, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով կամային հաղթանակ էր տարել իսպանացի Էմանուել Ռեյեսի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ 11 մարզիկով էր մասնակցում աշխարհի առաջնությանը: Հայ մարզիկների մրցելույթներին մրցավայրից հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են տարբեր փուլերում:
48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 1/16 եզրափակչում 0:4 հաշվով զիջել է Կուբայի ներկայացուցիչ Ալեխանդրո Կլարոյին, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը նույն փուլում նույն հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։
Ռուսլան Ասլիկյանը 54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում մենամարտել է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և մրցավարների որոշմամբ 0-5 հաշվով պարտություն կրել:
Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեկնարկել է 1/16 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել է իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին, սակայն 1/8 եզրափակչում 1:4 հաշվով զիջել է Հորդանանի ներկայացուցչին:
Արթուր Ղազարյանը (60 կգ) 1/16 եզրափակչում նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, սակայն հաջորդ փուլում զիջել է Զամբիայի ներկայացուցչին։
Գուրգեն Մադոյանը (67 կգ) ԱԱ-ի 1/8 եզրափակչում պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշեելտ Բատումուրին։ Մադոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ մրցել էր Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարել։
Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների 1/16 եզրափակչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ արդեն զիջել էր վրացի Գեորգի Կուշիտաշվիլիին:
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակչում 0:5 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայկեվուզիին։
Կադրերը՝ ԿԳՍՄ փոխնախարար Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից։