Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջին շրջանում հայկական բռնցքամարտում ծավալվող իրադարձություններն ինձ համար մտահոգիչ են, և որպես, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, որոշեցի անդրադառնալ ոչ միայն մարզաշխարհի ներկայացուցիչների ու մարզասերների՝ այս առթիվ ինձ ուղղված հարցերին, այլև ի պաշտոնե հայտնել մեր դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Նախ նշեմ, որ ՀԱՕԿ-ը, ցանկացած պարագայում զերծ մնալով կողմնակալ վերաբերմունքից, իր պատրաստակամությունն է հայտնել՝ հայկական բռնցքամարտում ի հայտ եկած խնդիրները լսելու, դրանք կարգավորելու և ստեղծված լարվածությունը վերացնելու հարցում։
Քանզի բնական է, որ այս անառողջ մթնոլորտը թողնելու է իր բացասական ազդեցությունը հայկական բռնցքամարտի վրա, և կարծում եմ՝ դրա տեսանելի հետևանքը հենց Երիտասարդների աշխարհի առաջնության ոչ այնքան էլ գոհացուցիչ արդյունքներն էին։ Հարկ եմ համարում նշել, որ ինձ համար առնվազն անհասկանալի են այն մեղադրանքները, թե փորձ է արվում քաղաքականացնել սպորտը, այն դեպքում, որ ես, տարիներ շարունակ լինելով ՀԱՕԿ-ում, կարող եմ վստահեցնել, որ Օլիմպիական կոմիտեն մշտապես ունեցել է բացառապես չքաղաքականացված գործելաոճ, պահպանել է իր բարձր դիրքերը՝ մշտապես առաջնորդվելով Օլիմպիական խարտիայի կանոններով։
Եվ տարակուսելի է հատկապես այն փաստը, որ այսօրինակ մեղադրանքներ հնչեցնում են հատկապես այն մարդիկ, ովքեր մինչ Թավշյա հեղափոխությունը, եղել են քաղաքական կուրսի ակնհայտ կրողներ և ամենից քիչն են իրավասու բարձրաձայնել քաղաքականացված սպորտի մասին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ այս պահին միջազգային կառույցներում՝ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից (ԱԻԲԱ), քննություն է ընթանում՝ ՀԲՖ-ում տեղի ունեցած ֆեդերացիայի նախագահի ընտրությունների և դրա ընթացքում թույլ տրված կանոնակարգային խախտումների հետ կապված։
Այս իսկ պատճառով ես, որպես ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, պարտաստվում եմ ՀԱՕԿ գործադիր մարմնի առաջիկա նիստին առաջարկել, որպեսզի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին, ժամանակավորապես սառեցվի։ Իսկ քննության ավարտից հետո՝ ստացված եզրակացության հիման վրա, մենք կորոշենք մեր հետագա քայլերը։ Ի վերջո մեկ բան պետք է հստակ հասկանան բոլորը, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թատերաբեմ չէ, որտեղ ամեն ոք, իր սեփական ներկայացումը խաղալով, փորձի սպասարկել միայն սեփական շահերը՝ խոչընդոտելով հայկական բռնցքամարտի զարգացման բնականոն ընթացքն ու կայունությանը»։