Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է իր սպասելիքների մասին։
«Հույս ունեմ, որ մեր տղաները վաղը լավ մարտական խաղ կցուցադրեն։ Հույս ունեմ, որ նրանք հասկանում են նոյեմբերի 18-ի հանդիպման նշանակությունը։
Հյուսիսային Մակեդոնիայի թիմի մասնակցությամբ շատ հանդիպումներ ենք դիտել։ Թիմը հիմա առաջադիմում է, տղաները շատ լավ ակումբներում են խաղում, հարձակման հրաշալի գիծ ունի։ Ուժեղ եվրոպական թիմ է, ցուցադրում է բարձր որակի ֆուտբոլ»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին Երեւանում կընդունի Ուելսի թիմին։