Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել: Մեր տեղեկություններով՝ նա ընտրանուց հեռացել է որոշ ժամանակ առաջ, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնելու է առաջիկայում: Վաղը՝ օգոստոսի 27-ին, տեղի է ունենալու նրա ասուլիսը, եւ ամենայն հավանականությամբ հենց այդ ժամանակ նա պաշտոնապես կհայտնի լուրը եւ պատճառները:
«Հայկական ժամանակ»-ն է գրում նշում, որ որոշման դրդապատճառները հայտնի չեն: Պարզ չէ՝ արդյոք նա տարաձայնություններ ունի հավաքականի որոշ առաջատարների հետ, թե այլ խնդիր կա:
Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն իր ոլորտում հարգված ու ճանաչված մասնագետ է: Նա ՀՀ հավաքականի ղեկին է արդեն 20 տարի՝ 1999 թվականից: Նրա օրոք հայ հունահռոմեականներն օլիմպիական խաղերից վերադարձել են 1 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմաթիվ դեպքերում դարձել են չեմպիոններ ու մրցանակակիրներ: