Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, որոնց մեջ շատ են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրության վերաբերյալ շահարկումները, թափանցիկություն չապահովելու համար ՀՖՖ-ի հասցեին հնչող մեղադրանքները, հորդորում ենք ֆուտբոլային հասարակությանը դրսևորել զսպվածություն և հանդուրժողականություն, զերծ մնալ շահարկումներից և ագրեսիվ կոչերից:
Ինչպես և նախօրոք տեղեկացրել էինք, դեկտեմբերի 6-ին (ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ) Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում, կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն ինչպես ՀՖՖ նախագահի, այնպես էլ գործկոմի անդամության թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները: Հրապարակման ամսաթիվը (դեկտեմբերի 6) պայմանավորված է նրանով, որ առաջադրված թեկնածուների փաթեթները դեռ ստուգվում են իրավաբանների կողմից` դրանց համապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությանը հաստատելու համար: