ՀՖՖ գործկոմի նիստից հետո ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը անհեթեթ և անթույլատրելի որակեց, նշելով, որ դա բացառապես անձի անձնական կարծիքն է, որը ՀՖՖ-ն չի կիսում։
«Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ և անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը: Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը չի կիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ընդհակառակը, դատապարտում է նման հայտարարությունները: Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, անգամ կասեմ լավագույն ֆուտբոլիստն է:
Նա ոչ թե միայն ֆուտբոլիստ է, այլ առհասարակ Հայաստանի և հայ ժողովրդի դեսպանն է ողջ աշխարհում: Իր նվիրված խաղով և իր նվիրումով ֆուտբոլին, նա ապացուցել է, որ հանդիսանում է մեր թիմի ավագը և արժանի է կրել այդ թևկապը»,- ասաց Վանեցյանը:
ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հավելեց, որ Մխիթարյանն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի Հանրապետության դրոշը և իրենք խոնարհվում են նրա առաջ։