Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայում ինտրիգներ են զարգանում: Այսօր՝ փետրվարի 13-ին, հայտնի է դարձել, որ Փհենչհան 2018-ին մասնակցող հայ դահուկորդներից Աշոտ Կարապետյանն առանց գույքի է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիկը հաստատել է, որ այժմ չի կարողանում մարզվել, քանի որ դահուկներ չունի:
Պարզվում է, որ մեր մարզիկն արդեն մի քանի օր է չի մարզվում, քանի որ առաջին պարապմունքի ժամանակ նրա դահուկները շարքից դուրս են եկել, իսկ երկրորդ զույգը նա չունի: Մեր օլիմպիական պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնել է, որ իրենք փորձում են լուծել խնդիրը:
«Հարավային Կորեայում համապատասխան դահուկներ չկան, որպեսզի գնենք: Ստիպված պատվիրել ենք Մոսկվայից: Եթե դրանք ժամանակին հասնեն Փհենչհան, ապա Աշոտ Կարապետյանը կհասցնի մարզվել եւ մասնակցել փետրվարի 22-ին կայանալիք մեծ ոլորավայրէջքի մրցումներին», – ասել է նա:
Ըստ «Ա1+»-ի որոշ տեղեկությունների, Աշոտ Կարապետյանը, այնուամենայնիվ, չի կարող մասնակցել օլիմպիական խաղերին, քանի որ նրա հայտն ուշ է ուղարկվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմի, ինչի պատճառով խաղերի կազմակերպիչները չեն հասցրել մեր մարզիկի անունով մարզազգեստ պատվիրել: