Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացել են նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները:
Մեր տղամարդկանց ընտրանին 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի ազգային թիմին և վաստակեց 11 միավոր: Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթեց Էլտաջ Սաֆարլիին:
Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին:
Այժմ մերոնք ընդամենը մեկ միավորով են ետ մնում 3-րդ տեղում ընթացող Անգլիայի հավաքականից:
Հայաստանի կանանց հավաքականն այսօր կայացած տուրում պատվավոր ոչ-ոքի խաղաց մրցաշարի ընդգծված առաջատար Ռուսաստանի հետ՝ 2:2: Մեր թիմից հաղթանակ տարավ միայն Աննա Սարգսյանը: Հայաստանը վաստակեց 11 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: մեր ընտրանին այժմ ընդամենը մեկ միավորով է զիջում 3-րդ հորիզոնականում գտնվող Ադրբեջանին:
Վաղը կայանալիք 9-րդ տուրում մերոնք հանդիպելու են հենց ադբեջանուհիների հետ: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կդառնա բրոնզե մեդալակիր: