Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատիստները այս անգամ տարան 4 հաղթանակ:
Մեր հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց գերմանացի Դենիս Վագներին, Սամվել Տեր-Սահակյանը` ադրբեջանցի Մահամադ Մուրադլիին, Մամիկոն Ղարիբյանը՝ ավստրիացի Մարկուս Ռաբերին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի Շահին Վալիևին:
Մեր չորս շախմատիստները, այդ թվում մրցաշարի առաջատարներից մեկը՝ Շանթ Սարգսյանը, ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Արթուր Դավթյանը զիջեց իսպանացի Էդուարդո Իտուրիսագային՝ կրելով առաջին պարտությունը:
Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իսլանդացի Գուդմունդուր Կյարտասոնը, որը վաստակել է 4 միավոր: Նրան հաջորդում են 16 շախմատիստ, որոնք ետ են մնում կես միավորով: Դրանց թվում են մեր գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը վաստակել են 3-ական միավոր:
Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կհանդիպի հենց միանձնյա առաջատար Գուդմունդուր Կյարտասոնի հետ: Շանթ Սարգսյանին մրցակից է բաժին հասել ադրբեջանցի Էլթայ Սաֆարլին: Սամվել Տեր-Սահակյանը կխաղա դանիացի Յոնաս Բուլ Բյերեի հետ: