Մարտի 3-ին Ամստերդամում կայանալու է Եվրոպայի ֆուտբոլի միության՝ ՈՒԵՖԱ-ի 44-րդ համաժողովը: Օրակարգում ՈՒԵՖԱ-ի տարեկան հաշվետվությունն է:
Սակայն նույն օրը տեղի է ունենալու նաև ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020-21թթ խաղարկության վիճակահանությունը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այս անգամ ընդգրկվել է C գոտում: Մեր թիմի հավանական մրցակիցները կարող են լինել Հունաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Բելառուսի, Կիպրոսի, Էստոնիայի, Սլովենիայի, Լիտվայի և Լյուքսեմբուրգի ազգային թիմերը: Մեր ընտրանին նախկինում չի հանդիպել միայն երկու երկրների՝ Սլովենիայի և Կոսովոյի հավաքականների հետ:
Ազգերի լիգայի 2020-21թթ խաղարկության ընտրական փուլը մեկնարկելու է 2020թ սեպտեմբերի 3-ին, ավարտվելու՝ նոյեմբերի 17-ին: Խմբերի հաղթողները կպայքարեն 2022թ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարը տեղի կունենան 2021թ հունիսի 2-6-ը: Դրան կմասնակցեն A գոտու խմբերի հաղթողները: