Ֆուտբոլի ԵՎՐՈ-2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին պատրաստվելու նպատակով Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր հայտնի է դարձել գլխավոր մարզչին Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը: Նրան կօգնեն Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և տեսավերլուծաբան Ղազար Հակոբջանյանը:
Հայաստանի հավաքականն այսօր անցկացրել է առաջին մարզումը նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Այն հիմնականում կրել է վերականգնողական բնույթ։ Թեթև վարժություններից հետո ընտրանին անցկացրել է նաև երկկողմանի խաղ։
Մարզմանը մասնակցել են հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում Ալեքսանդր Կարապետյանն ու Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային թիմին դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։