Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր Երևանի «Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի ելույթները:
«Դրական արդյունքը միշտ լավ է, բայց արդյունքից բացի կա նաև որակյալ խաղ, ինչն ամենակարևորն է: Հայաստանի հավաքականի ներկայիս կազմը շատ լավն է, ֆուտբոլիստները խաղաոճով համապատասխանում են իրար:
Սա նշանակում է, որ թիմը կարող է լուծել ինչ-որ խնդիրներ: Ուելսի դեմ հաղթանակն ակնհայտ չէր, սակայն Հայաստանի հավաքականը չէր զիջում ոչնչով: Արդյունքը պատահական չէր, քանի որ մենք ավելի լավ տեսք ունեինք:
Եթե համեմատենք 2011 թվականի Հայաստանի հավաքականը ներկայիս թիմի հետ, ապա շատ ընդհանրություններ կտեսնենք: Նրանք նման են խաղաոճով: Այն թիմը շատ արագ էր ու կոմբինացոն ֆուտբոլ էր խաղում, այս սերունդը՝ նույնպես»,- Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Metaratings-ը:
Հիշեցնենք, որ 49-ամյա մասնագետը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել է 2009-2013 թվականներին և 2018-ին:
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթել էր Ուելսին, իսկ հունիսի 19-ին տանը 2-1 հաշվով առավելության էր հասել լատվիացիների նկատմամբ:
Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո վաստակել է 6 միավոր և երկրորդն է D խմբում: Առաջատարը Թուրքիայի հավաքականն է, որը 4 խաղից հետո ունի 9 միավոր: 3-4-րդ տեղերը բաժանում են Ուելսը (4 խաղ) և ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիան (2 խաղ), իսկ լատվիացիներն առանց միավորի վերջին՝ 5-րդ տեղում են: