footballcity.am: Կայացավ Հայաստան — Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Մեր թիմի մեկնարկային կազմին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հանդիպումը դաշտի կենտրոնից սկսեց Հայաստանի ազգային հավաքականը:
4-րդ րոպեին Մուսա Սիսոկոն Արթուր Սարկիսովի դեմ կանոնները խախտելու համար արժանացավ հանդիպման առաջին դեղին քարտին:
7-րդ րոպեին Անդրե-Պյեռ Ժինյակի փոխանցումից հետո Լոիկ Ռեմին բացեց խաղի հաշիվը:
Հանդիպման 18-րդ րոպեին Մարկոսը Ֆրանսիայի հավաքականի պաշտպանների հետ պայքարում գտավ պահը և հարվածեց դարպասին, սակայն Սթիվ Մանդանդան կարողացավ գնդակը դուրս բերել դաշտի սահմաններից: Մարկոսն այս խաղում անում է ամեն ինչ, որպեսզի մոռանանք, նրա նախորդ խաղի 11 մետրանոց հարվածը: Անմիջապես այդ գրոհին հետևեց Ֆրանսիացիների գրոհը: Անդրե-Պյեռ Ժինյակը կրկին հարվածային դիրքի դուրս բերեց Լոիկ Ռեմիին, սակայն ֆրանսիացու հարվածը դիպավ դարպասաձողին և հրաշքով չհայտնվեց մեր դարպասում:
Հանդիպման 27-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը արժանացավ մեր թիմի առաջին դեղին քարտին՝ Մուսա Սիսոկոյին, ով ստացել էր իր թիմի առաջին դեղին քարտը, գցելու համար:
Հանդիպման 37-րդ րոպեին Անդրե-Պյեռ Ժինյակին ուղղված փոխանցումից հետո մեր պաշտպանները նրան միայնակ են թողնում դարպասից մի քանի մետրի վրա, սակայն նրա հարվածը ֆանտաստիկ սեյվով փրկում է Ռոման Բերեզովսկին:
Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ մերոնք հիանալի կոմբինացիայով ցանկանում են մեն-մենակ դուրս բերել Արտյոմ Սիմոնյանին, սակայն նրան մի փոքր արագություն չհերիքեց:
Առաջին խաղակեսին մրցավարը լրացուցիչ րոպեներ չավելացրեց:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին խաղադաշտ մտավ Պոլ Պոգբան, ով փոխարինեց առաջին խաղակեսում ոչ այնքան ակտիվ Բլեզ Մատյուիդիին: Բեռնար Շալանդը ընդմիջմանը փոփոխություններ չկատարեց:
Մեր ազգային հավաքականն ակտիվ մեկնարկեց երկրորդ խաղակեսում:
54-րդ րոպեին Պոլ Պոգբան շրջանցեց մեր պաշտպաններին և Վարազդատ Հարոյանը գցեց նրան տուգանային հրապարակում: 11 մետրանոց նշակետից դիպուկ հարվածով հաշվի առավելությունը կրկնապատկեց Անդրե-Պյեռ Ժինյակը:
4 րոպե անց կատարվեց մեր հավաքականի առաջին փոփոխությունը. Արթուր Եդիգարյանի փոխարեն խաղը կշարունակի Արտակ Դաշյանը:
60-րդ րոպեին Ֆրանսիան կատարեց երկակի փոփոխություն. Մուսա Սիսոկոյին փոխարինեց Անտուան Գրիզմանը, իսկ Դիմիտրի Պայեին՝ Ռեմի Կաբելլան: Բեռնար Շալանդը մեկ րոպե անց փոխարինեց մեր թիմի ավագին՝ Ռոման Բերեզովսկուն, և խաղադաշտ դուրս եկավ Գևորգ Կասպարովը:
4 րոպե հետո կատարվեց մեր թիմի 3-րդ փոփոխությունը, և խաղադաշտ դուրս եկավ Հովհաննես Համբարձումյանը՝ Արթուր Սարկիսովի փոխարեն:
Արտակ Դաշյանը խաղադաշտ դուրս գալուց 8 րոպե անց պատժվեց դեղին քարտով՝ Լոիկ Ռեմիին գցելու համար:
69-րդ րոպեին բավականին լավ նորամուտ գրանցաց Արտյոմ Սիմոնյանին փոխարինեց Ռումյան Հովսեփյանը:
Քիչ անց առաջին գոլի հեղինակ Լոիկ Ռեմիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու խաղընկեր Մաթյե Վալբուենան:
76-րդ րոպեին Քրիստոֆ Ժալեն արժանացավ հանդիպման 4-րդ դեղին քարտին՝ Արտակ Դաշյանի դեմ կանոնները խախտելու համար:
8 րոպե անց փոխարինվեց մեր 8 համարը, և նրա փոխարեն խաղը կշարունակի Ալեքսանդր Կարապետյանը:
Թիմերը փոխադարձ գրոհներ էին կազմակերպում, և հենց այդ գրոհներից մեկին հետևեց հյուրերի հակագրոհը, որում սեփական կիսադաշտից Ժինյակի ճշտգրիտ փոխանցումից հետո Անտուան Գրիզմանը, մեն-մենակ դուրս գալով Կասպարովի հետ, 3-րդ գնդակն ուղարկեց մեր դարպասը:
Մի քանի րոպե անց հանդիպման բոլոր գոլերին մասնակցություն ունեցող Ժինյակին փոխարինեց Կարիմ Բենզեման:
Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Նորայր Ասլանյանը Կառլեն Մկրտչյանի փոխարեն շարունակեց խաղը:
Մրցավարը երկրորդ խաղակեսին 3 րոպե ավելացրեց:
Վերջին վայրկյաններին հյուրերը ամբողջ ուժերով նետվել էին հարձակման, սակայն չկարողացան հաշվի մեջ որևէ բան փոխել:
Հայաստան — Ֆրանսիա 0-3
Գոլերը՝ Ռեմի 7, Ժինյակ 55(11մ), Գրիզման 84
Գնդակին տիրելու հարաբերությունը՝ 40-60
Հարվածները (դարպասին)՝ 9(4) — 16 (5)
Անկյունայիններ՝ 3 — 13
Խախտումները՝ 7-16
Դեղին քարտերը՝ 2-2
Աղբյուր` footballcity.am