Միլանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատանի ծանրորդ Հարություն Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել:
Մինչեւ 15 տարեկան ծանրորդների 77 կգ քաշային կարգի մրցումներում մեր մարզիկը պարզապես մրցակցությունից դուրս էր: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 117 կգ ծանրաձողը եւ արդեն 11 կիլոգրամով առաջ անցավ իրեն հետապնդող երկու մրցակիցներից: Հրում վարժությունում լավագույնը կրկին Հարություն Գրիգորյանն էր՝ 141 կգ: Այստեղ նա ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցավ հունգարացի Բենջամին Ֆեդերերից:
Երկամարտի 258 կգ արդյունքով Հարություն Գրիգորյանը վստահ գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Ֆեդերերին, որը առաջատարից ետ մնաց 12 կգ-ով:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մնացական Աբրահամյանը երկրորդ տեղն է գրավել 69 կգ քաշային կարգում: Երկամարտում նա հավաքել է 249 կգ (108+141) եւ 11 կգ զիջել ոսկե մեդալ նվաճած բուլղարացի ծանրորդին: Մնացական Աբրահամյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաեւ պոկում ու հրում վարժություններում:
Հիշեցնենք, որ 50 կգ քաշային կարգում 178 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Գոռ Սահակյանը (80+98):