Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը հավասարը չունեցան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում: Երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հակոբ Մկրտչյանը: Դավիթ Հովհաննիսյանը 1 կգ-ով զիջեց թիմակցին եւ նվաճեց արծաթե մեդալ:
2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք (166+209): Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի արդյունքը 374 կգ է (169+205):
Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունը սկսեց 161 կգ-ով եւ հաջողությամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսեց նաեւ 166 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար պատվիրած 168 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Հակոբ Մկրտչյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Հովհաննիսյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ ձախողեց 166 կգ-ն: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 166 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 169 կգ: Դավիթ Հովհաննիսյանը այս մոտեցումն էլ հաջողությամբ կատարեց եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Հրում վարժության առաջին մոտեցմամբ Հովհաննիսյանն ու Մկրտչյանը մեկնարկեցին 200 կգ-ով եւ հաջողությամբ կատարեցին: Երկրորդ մոտեցմամբ էլ երկու ծանրորդները հաջողությամբ հրեցին 205 կգ-ոց ծանրաձողը:
Երրորդ մոտեցումով Մկրտչյանը հրեց 209 կգ, Հովհաննիսյանը ձախողեց 210 կգ-ն: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ուժասպառ եղավ եւ ընկավ՝ գցելով ծանրաձողը: