Գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի հավաքականի կազմում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականին կարճատև արձակուրդ է տրված: Հուլիսի 25 –ից Աբովյանում կմեկնարկի թիմի ուսումնամարզական հավաքը: Դա տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում մանրամասնել է Գոռ Մինասյանի հետ կապված լուրերը.
«Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանր քաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ամեն երկիր, հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում, կարող է երկուական մարզիկ – մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար ծանրորդներից մեկը կզրկվի մասնակցությունից:
Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Արաբական Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հինգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ – մարզուհի»: