Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդից» հեռացել է ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար:
«Երբեմն կարիք ես ունենում որոշ թարմության: Կարծում եմ, որ սա լավագույն ժամանակն էր՝ «Յունայթեդից» հեռանալու համար: Ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Ես 29 տարեկան եմ։ Գիտեմ, որ մի քանի տարուց ստիպված կլինեմ ավարտել կարիերաս, և ինձ համար շատ կարևոր է՝ անունս ավելի հայտնի դարձնել:
Պատրաստ եմ ամեն ինչ սկսել զրոյից։ Նոր մարտահրավեր՝ նոր ակումբ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ESPN Brasil-ը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Արսենալի» կազմը համալրել է հունվարին: ՄՅՈՒ-ն նրան ու եւս 10 մլն ֆունտ ստեռլինգ է տվել «զինագործներին» նրանց հարձակվող Ալեքսիս Սանչեսին ստանալու համար: Մխիթարյանն արդեն 3 հանդիպում է անցկացրել նոր թիմի կազմում: Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում, որում նրա թիմը հաղթեց 5:1, նա գոլային 3 փոխանցում կատարեց: