Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնությունը հետաձգվել է 1 տարով: Ինչպես գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիային, այս որոշման մասին ՈՒԵՖԱ-ն հայտարարել է այսօր՝ մարտի 17-ին, իր 55 ասոցիացիաների հետ տեսակապի միոջոցով անցկացվող համաժողովի ժամանակ: Պատճառը կորոնավիրուսի տարածումն է: Նշվում է, որ մրցաշարը տեղի կունենա 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Նշվում է նաեւ, որ ՈՒԵՖԱ-ն պահպանելու է ֆորմատը, այսինքն՝ մրցաշարն անց է կացվելու եվրոպական 12 քաղաքներում, ինչպես նախատեսված էր անել այս տարի: Մյուս տարի ամռանը նախատեսվում էր անցկացնել աշխարհի ակումբային առաջնությունը, սակայն ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն այս հարցում համաձայնության են եկել:
Եվրոպայի 2020թ. առաջնությունը պետք է մեկնարկեր հունիսի 12-ին եւ ավարտվեր հուլիսի 12-ին: Ըստ միջազգային մամուլի՝ այս որոշումը սպասելի էր այն բանից հետո, ինչ ՈՒԵՖԱ-ն չեղարկել էր հյուրընկալող քաղաքներից մեկում՝ Կոպենհագենում, հյուրանոցի համարների ամրագրումը:
Այս հետաձգման շնորհիվ ազգային առաջնությունները ժամանակ կշահեն: Ազգային մի շարք առաջնություններ, որոնք ժամանակավորապես դադարեցրել են 2019-20 մրցաշրջանի հանդիպումները, կավարտեն մրցաշրջանը:
Ինչպես հաղորդում է միջազգային մամուլը, ՈՒԵՖԱ-ն որոշումներ է կայացրել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերաբերյալ, որոնք նույնպես դադարեցված են: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը պետք է կայանար Ստամբուլում մայիսի 30-ին, որոշվել է նշանակել հունիսի 30-ին, հունիսի 27-ին: Եվրոպա լիգայի եզրափակիչը, որը պետք է կայանար մայիսի 27-ին Գդանսկում, որոշվել է նշանակել հունիսի 24-ին: