▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի հայտարարությունը` Մխիթարյանի ձախողված տրանսֆերի մասին

Վերջին օրերին թեժ քննարկման թեմա է դարձել Հենրիխ Մխիթարյանի` «Լիվերպուլ» տեղափոխվելու գործընթացը:
Տուրք չտալով շահարկումներին և բացառապես ցանկանալով երկրպագուների և ՖԱՖ-ի անդամների համար լույս սփռել իրականության վրա` ՖԱՖ-ի ղեկավար խորհուրդը ցանկանում է այս հարցի վերաբերյալ հստակ պատասխան և պարզաբանում ստանալ ՀՖՖ-ից, քանզի որոշ տեղեկությունների համաձայն` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի որոշակի մասնաբաժնի իրավունքը պատկանում է ՀՖՖ-ի նախագահին կամ նրա հետ ուղղակիորեն կապված անձանց կամ կազմակերպությունների: Կարելի է թերևս ենթադրել, որ ՀՖՖ-ն չի կարող տեղեկացված չլինել մեր ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկի տրանսֆերային գործընթացի կամ դրա ձախողման իրական պատճառների մասին:
ՖԱՖ-ը պահանջում է, որպեսզի բացահայտվեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի չկայացման հետ կապված բոլոր հանգամանքները: Տվյալ պահին տեղեկությունները խիստ իրարամերժ են, և նախքան միանշանակ դիրքորոշում հայտնելը ՖԱՖ-ն ակնկալում է պաշտոնական պարզաբանում ՀՖՖ-ից:
ՖԱՖ-ն իր պատմության 6 տարիների ընթացքում չի ենթարկվել սադրանքների և միշտ առաջնորդվել է առողջ տրամաբանությամբ: ՖԱՖ-ն ապաքաղաքական է և մնալու է այդպիսին: Շահարկման ցանկացած փորձ ի սկզբանե դատապարտման է ձախողման: ՖԱՖ-ին քաղաքական պիտակ փակցնելու ցանկություն ունեցողներին խորհուրդ ենք տալիս նվազագույն ինտերնետային որոնմամբ հասկանալ այս շարժման առաջացման տրամաբանությունը, ինչպես նաև` ներկայիս կարգավիճակը, կառավարման ձևը և այն անձնական զոհողությունը, որի գնով ՖԱՖ-ի բազմաթիվ անդամներ անմնացորդ նվիրվել են մեր ազգային հավաքականներին երկրպագելու հաճախ դժվարին գործին:
Հիշեցնում ենք, որ ՖԱՖ-ը Հայաստանում առ այսօր միակ ֆան-շարժումն է, որը, տարբեր ժամանակներում կարողանալով պահպանել իր չեզոքությունը, հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով, կարիքի դեպքում` բողոքի բացահայտ ակցիաներ է կազմակերպել թե՛ ՀՖՖ-ի, թե՛ հավաքականի մարզչական շտաբի դեմ, կարիքի դեպքում` ներգրավվել կառուցողական երկխոսության նրանց և այլ սուբյեկտների հետ: 
ՖԱՖ-ն այսօր ՀՖՖ-ից չի ստանում ազգային հավաքականի խաղերի տոմսեր: ՖԱՖ-ի համագործակցությունը ՀՖՖ-ի հետ ներկայումս ընդհատված է:
ՖԱՖ-ը միշտ եղել և մնալու է ինքնուրույն և ապաքաղաքական կառույց, նվիրյալ և հավատացող երկրպագուների շարժում:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее