Life.panorama.am-ը գրում է. Ամանորյա տոներն ամբողջ աշխարհում լիցքաթափվելու, հանգստանալու առիթ, Հայ կանանց համար՝ «չարչարանքի» շրջան: Կայքի այսօրվա զրուցակիցը երգչուհի Նառան է, ում համար կարևորը տոնական մթնոլորտն է: Այս տարի Նոր տարին նշելով Հայաստանում՝ երգչուհին կփորձի «կոտրել» ավանդույթի հետ կապված կարծրատիպերը:
-Երբ վերջին անգամ զրուցեցինք, ասացիք նոր երգ և տեսահոլովակ եք ցանկանում պատրաստել:
-Դեռևս ընթացքում է, քանի որ Մուրզիկն ԱՄՆ-ում էր և նոր է եկել:
-Նառա, մեր երգիչ-երգչուհիների մեծ մասն ընտրում է «գումար բերող» երգի թեմաներ. Կնունք, ծնունդ, հարսանիք: Նորմա՞լ է:
-Այո, մարդիկ գումար վաստակելու, ընտանիք պահելու խնդիր ունեն, իսկ այսօր պահանջարկ ունեն նման երգերը:
-Իսկ դուք ինչո՞ւ նման երգեր չեք պատրաստում:
-Ինքս չեմ ուզում, բայց նաև գործընկերներիս դրա համար չեմ մեղադրում: Եթե ես չեմ անում, չի նշանակում, թե ճիշտ կամ սխալ է երևույթը: Պարզապես ունեմ իմ աշխարհը, իմ ցանկությունները:
-Կա՞ երաժշտություն, որը չեք կարողանում լսել:
-Ես վատ ռաբիս չեմ կարողանում լսել: Չէ՞ որ ռաբիսն էլ ունի լավ և վատ տեսակներ:
-Հայաստանում շոու-բիզնես հասկացությունը ճի՞շտ է ընկալվում:
-Շոու-բիզնեսը միայն կոորպորատիվ միջոցառումներով չպետք է սահմանափակվի, համերգներ պետք է լինեն, միջոցառումներ, որոնք այսօր Հայաստանում հնարավոր չէ կազմակերպել. մարզերը գրեթե համերգասրահներ չունեն: Նաև ֆինանսական վիճակն է սուղ: Երգ-երաժշտությունն էլ «ապրանք» է, որն այսօր Հայաստանում «գնորդ» չունի: Ի դեպ, այդպես է ոչ միայն երգի, այլ բոլոր բնագավառներում: Պետք չէ անընդհատ բողոքել, որ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներն անճաշակ են: Իրենք գոնե փորձում են ցույց տալ, որ այդ ճյուղը գործում է, ապրում: Ինչ-որ բան են ստեղծում: Ես, դուք, բոլորս նույն «նավի» մեջ ենք, պետք չէ միմյանց մեղադրել: Փորձենք յուրաքանչյուրս մեր գործը ճաշակով ու լավ անել:
-Նախկինում փոփ և ռաբիս երգիչները հաճախ էին համերգներով հանդես գալիս՝ գոնե մայրաքաղաքում: Իմ նկատելով, երբ օրենքով արգելվեց ոչ կենդանի ձայնով երգելն, այդ համերգները նվազեցին: Զուգադիպությո՞ւն էր:
-Չեմ կարծում, որ պատճառը դա էր: Պարզապես ոչ մի համերգ իրեն չի արդարացնում: Տեղի վարձը, տեխնիկան թանկ է, բայց չես կարող տոմսերը թանկ վաճառել, որովհետև հանդիսատեսն էլ գումարի խնդիր ունի, չի կարող գնել: Մեկը մյուսին շաղկապված է: Ոչ-ոք վնասներով աշխատել չի ցանկանա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: