Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է այլ երկիր ներկայացնելու մտադրության մասին։
«Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը 0-ա. Եթե էտպեսա, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- գրել է Էրիկ Իսրայելյանը։
Դիտեք նաև՝
Նոյեմբերին Իսպանիայում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Էրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 60 կգ քաշայինների եզրափակիչում նա 5:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավային:
18-ամյա բռնցքամարտիկը երիտասարդներից Հայաստանի չորրորդ աշխարհի չեմպիոնն է՝ Բագրատ Օհանյանից (1999), Նիկոլ Հարությունովից (2012) եւ Անուշ Գրիգորյանից (2014) հետո:
«Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ է մեկ տարում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն լինում: Մենք բռնցքամարտում տարիներ առաջ ենք աշխարհի չեմպիոն ունեցել եւ այսպիսի արդյունքն, իսկապես, աննախադեպ է:
Զարմանում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի, ֆեդերացիայի նախագահի վրա, որ չի գալիս աշխարհի չեմպիոնին դիմավորի: Ես ինձ գնահատված չեմ զգում:
Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն եմ դարձել, ասես, զրո լինեն այս հաղթանակները: Չեն գնահատում: Եթե չեն գնահատում, կգնամ ուրիշ երկրի դրոշից հանդես կգամ:
Ինձ միշտ, ամեն օր զանգում եւ հրավիրում են այլ երկրի դրոշի տակ հանդես գալ: Եթե ինձ չեն գնահատում, ես կգնամ մեր երկրից: Այս գրառումը վերաբերում է ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Նրա ղեկավարման շրջանում աշխարհի ոսկե մեդալ չէր եղել: Նա պետք է գար, դիմավորեր»,- ասել է Էրիկ Իսրայելյանը՝ Նյուզ․am-ին մեկնաբանեով իր գրառումը: