▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դժգոհ եմ հանդիսատեսից, նրանց մի մասը անկիրթ ոչնչություններ էին. Լեւոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը.

-Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ խոսեք Հայստանի առաջնությունից՝ անդրադառնալով հանդիսատեսի և ըմբշների պահվածքին:

-Դուք էլ ձեր աչքով տեսաք ամբողջը: Ես  դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից: Տպավորություն էր, որ մենք ուրիշ երկրում էինք մասնակցում առաջնության և  գոտեմարտում էինք իրենց ըմբիշների դեմ: Համենայն դեպս ներկաները չպետք է իրենց այդպես պահեին այն մարզիկների նկատմամբ, ովքեր իրենց հաղթանակներով տարիներ շարունակ Հայաստանին մեծ պատիվ են բերել: Մի բան պարզ է. դահլիճում կային անկիրթ, իրենցից ոչինչ չներկայացնող հանդիսականներ, պարզապես՝ ոչնչություններ:

-Գո՞հ եք Հայստանի առաջնությանը մասնակցած ըմբիշների քանակից և մրցակցությունից:

-Անցած տարվա համեմատ մասնակիցների քանակն ավելացել է: 2017 թվականին մասնակցում էին 68 մարզիկ, այս տարի՝ 85: Անգամ այս դեպքում եմ ես դժգոհ: Մեր առաջնությունում ես ցանկանում եմ տեսնել 140-150 մասնակից, բայց որակով, այլ ոչ թե՝ պարզապես մասնակից: Ինձ շատ է մտահոգում որակը: Միշտ էլ եղել են թերություններ, որոնք աշխատանքի շնորհիվ շտկվել են: Երկար տարիներ է գլխավորում եմ հավաքականը և ամեն տարի հաջողվել է մեդալներ նվաճել, սակայն մեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ հավաքականում աշխատել ավելի լավ պատրաստված, բարձրակարգ ըմբիշների հետ:

-Նոր անուններ հավաքականում կտեսնե՞նք:   

-Նոր անուններ, բնականաբար, կլինեն քանի որ նոր քաշային կարգեր են ավելացել: Փորձարկվելու են Հայաստանի առաջնությունում հաղթած մարզիկները: Աչքի ընկած ըմբիշներ կան, բայց, կրկնում եմ, որակը  ինձ չի գոհացնում: Հավաքներն ու միջազգային մրցումները ցույց կտան:

-77 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտը՝ Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի միջև, բուռն քննարկումների առիթ դարձավ: Կարծիքներ էին հնչում, որ անարդար մրցավարություն կար: Դուք ի՞նչ կասեք:

-Ընդհանուր առաջնության մրցավարությունն ինձ չգոհացրեց: Սակայն ես ինձ թույլ չտվեցի խառնվել նրանց գործողություններին: Մեզ մոտ ընդունված կարգ կա և այն ուժի մեջ է. եթե մի քաշային կարգում որակներով իրար հավասար կամ իրար մոտ ըմբիշներ կան նրանք փորձարկումներ են անցնում նաև միջազգային գորգում: Փորձը ցույց է տալիս, որ շատ ըմբիշներ, որոնք հաղթում են ներքին առաջնությունում, միջազգային գորգում իրենց դրսևորել չեն կարողանում: Արսեն Ջուլֆալակյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կայացած ըմբիշ է: Կարապետ Չալյանը երիտասարդ, խոստումնալից ըմբիշ է: Սակայն մեծահասակների առաջնություններում դեռ միայն մեկ բրոնզե մեդալ ունի և մի շարք սայթաքումներ: Կոնկրետ այս քաշային կարգում՝ Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցեն երկու ըմբիշներն էլ: Այնտեղ կլինեն անկախ մրցավարներ, անկախ հանդիսատես և կորոշվի ուժեղագույնը, ով էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Նշենք, որ ավելի վաղ կայքերից մեկի հրապարակմամբ, տեղեկատվություն կար, որ ամբողջ ընթացքում դահլիճը բացասական վերաբերմունք է ցույց տվել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թ. չեմպիոն Ջուլֆալակյանի նկատմամբ` երկրպագելով նրա դեմ, վանկարկելով ոչ պատշաճ բառեր: Իսկ 77 կգ քաշային կարգի եզրափակչում սադրանքներն էլ ավելի են մեծացել, ու Ջուլֆալակյանը նույնիսկ ցանկացել է հաշիվները պարզել երկրպագուներից մեկի հետ, բայց նրան կարողացել են կանգնեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее