Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախատեսված երեք ընկերական հանդիպումներից առաջինը: Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում մեր ընտրանին 4-3 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների եւ ակնկալիքների մասին:
- Ինչպիսի՞ն են տպավորությունները ԱՄԷ-ի հավաքականի հետ հանդիպումից:
- Մենք ուսումնասիրել էինք ԱՄԷ-ի հավաքականը, եւ որքան էլ, որ շատերը համարում էին, որ ԱՄԷ-ն այնքան էլ ուժեղ թիմ չէ, մենք գիտեինք, որ վերջին տարիներին այդ հավաքականն առաջադիմել է: Նրանք ունեն բավականին որակյալ առաջնություն, որտեղ խաղում են շատ որակյալ ֆուտբոլիստներ: ԱՄԷ-ն բավականին հաջող է հանդես եկել Ասիայի Գավաթի ընտրական մրցաշարում: Վերջին երկու տարվա ընթացքում թիմն անցկացրել է 21 հանդիպում, տարել 18 հաղթանակ եւ 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Այսինքն այս ժամանակաշրջանում ԱՄԷ-ն առաջին պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի հետ խաղում: Դա նշանակում է, որ մենք խաղացինք լավ թիմի դեմ:
Ինչ վերաբերում է 4:3 հաշվին, դա խոսում է այն մասին, որ մենք ունենք նույն խնդիրը, ինչ առաջ: Մենք ունենք ուժեղ հարձակողական գիծ, խփեցինք չորս գոլ, լավ գործեցինք առջեւում, հաջող, արագընթաց եւ որակյալ հակագրոհներ ստացվեցին, սակայն պաշտպանական գծում ունենք ակնհայտ խնդիրներ: Մենք բաց թողեցինք 3 գնդակ եւ շատ դրվագներում ոչ բավարար խաղ ցուցադրեցինք: Արեցինք շատ տակտիկական սխալներ, մի խոսքով պաշտպանությունը իդեալական չէր: Բայց դա էլ է բնական, քանի որ մենք ունեինք փոփոխված պաշտպանական գիծ: Չկար Ռոբերտ Արզումանյանը, ով այս գծի առաջատարն է, Կամո Հովհաննիսյանը չկար, Լևոն Հայրապետյանն անցկացնում էր ընդամենը երկրորդ խաղը երկարատեւ խաղային պրակտիկա չունենալուց հետո, այնպես որ ակնհայտ էր, որ խնդիրներ կլինեն:
Իհարկե, ես չեմ կարող գոհ լինել պաշտպանական գծից, բայց պետք է ասեմ, որ դա միայն պաշտպանների խնդիրը չէ: Օրինակ, առաջին 15 րոպեների ընթացքում մեր հարձակողական գծին չէր հաջողվում լավ պրեսինգ գործադրել մրցակցի պաշտպանների վրա եւ հետևաբար ամբողջ թիմը խնդրի առաջ է կանգնում: Ընդհանրապես, ես գոհ չեմ այս խաղում մեր պաշտպանական ընդհանուր գործողություններից: Բայց ես գիտեմ մի բան: Մենք սկսել ենք մարզվել անցած չորեքշաբթի Երեւանում, անցկացրել ենք մոտ 10 մարզում, եւ բնականաբար, ես չեմ կարող ասել, որ 10 մարզումը բավական է, որ մենք անթերի խաղանք: Ինձ համար կարևոր էր նաև փոխել ֆուտբոլիստների վերաբերմունքը ընկերական խաղերի նկատմամբ: Ինձ համար գոյություն չունեն ընկերական խաղեր: Մենք չենք խաղում, օրինակ, դասակարգման աղյուսակում մեր տեղը բարելավելու համար: Այո, հաղթանակը տալիս է որոշ քանակի միավորներ, որոնք մեզ թույլ կտան հաջորդ ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ տեղ զբաղեցնել ավելի բարձր զամբյուղում: Դա կարեւոր հանգամանք է, սակայն ես կընդունեմ նույնիսկ պարտությունը, բայց վերաբերմունքը դեպի ընկերական հանդիպումը պետք է լինի, ինչպես պաշտոնական խաղի նկատմամբ:
Այս խաղում մենք տեսանք մի թիմ, որը խաղում էր, պայքարում էր: Բնականաբար, ամեն ինչ չէ, որ ստացվում էր տակտիկական տեսանկյունից, բայց թիմը լավ աշխատանք կատարեց: Եվ այժմ մենք պետք է շարունակենք առաջադիմել, քանի որ պարզ է, որ այս մակարդակը բավարար չէ: Եթե մենք արդեն հաղթեցինք ԱՄԷ-ին, որը լավ թիմ էր, հիմա մենք պետք է խաղանք Ալժիրի՝ Աշխարհի վերջին երկու առաջնությունների մասնակցի դեմ: Դա նշանակում է, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Վերջին տարիներին Հայաստանը համեմատաբար հաջող է հանդես եկել ընտրական մրցաշարերում, բայց դա բավարար չէ: Ալժիրի եւ Գերմանիայի կարգի թիմերի դեմ խաղերը կնպաստեն, որպեսզի ֆուտբոլիստները նոր փորձ ձեռք բերեն ապագայի համար: Մենք էլ խաղերից հետո կուսումնասիրենք, ինչը ստացվեց, ինչը՝ ոչ: Եվ այս երկու խաղերը շատ կարեւոր են, որովհետեւ փաստացի մենք շատ ժամանակ չունենք: Դանիայի հավաքականի հետ հանդիպումն արդեն սեպտեմբերին է:
Հավանաբար, ես կխնդրեմ, որպեսզի մինչ այդ հանդիպումը կազմակերպվի մեկ խաղ հավաքականի հետ, որը կազմված կլինի Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներից, եթե այլ երկրի հավաքականի հետ չհաջողվի պայմանավորվել:
Այս պահին ես ունեմ երկու խնդիր. Ես պետք է ծանոթանամ թիմին, խաղացողներին, ոչ միայն որպես խաղացող, այլ նաեւ որպես մարդ: Ֆուտբոլիստը միշտ պետք է բաց լինի, որ իմանանք՝ ինչով է ապրում, ինչ է կարեւորում, ինչ է իրեն հուզում: Երկրորդ խնդիրն է՝պատրաստել թիմ մոտ ապագայի համար:
- Ի՞նչ տպավորություն ստացաք թիմի նորեկների խաղից:
-Ես չեմ կարող կարծիք հայտնել Ալեքսի մասին, քանի որ նա ընդամենը 10 րոպե խաղաց, եւ հնարավոր չէ գնահատական տալ: Ինչ վերաբերում է Ռումյանին, ապա ես շատ ուրախ եմ նրա համար, եւ ոչ միայն այն պատճառվ, որ գոլ է խփել: Հովսեփյանը լավ աշխատեց դաշտի կենտրոնում, եւ ինձ համար դա հաճելի անակնկալ էր: Նա կարող է լավ թեկնածու դառնալ ապագայում այդ դիրքում խաղալու համար: Այս դիրքում մենք այդքան էլ շատ խաղացող չունենք՝ Արթուր Եդիգարյան եւ Կառլեն Մկրտչյան: Եվ ինձ համար շատ կարեւոր է այդ դիրքի համար գտնել եւս 1-2 խաղացող: Ինչ վերաբերում է Մաուրոյին, ապագան դեռ ցույց կտա: Մարզումներին նա լավ է դրսեւորում իրեն, սակայն ավելին դեռ չեմ կարող ասել: Ես գոհ եմ Տարոն Ոսկանյանի խաղից: Խաղաց ընդամենը 20 րոպե եւ բավականին նորմալ: Համբարձումյանը տակտիկապես գրագետ խաղալու խնդիր ուներ, ինչը բնական է, քանի որ նա իր ակումբում խաղում է 3-5-2 դասավորությամբ եւ դժվար է միանգամից հաջող խաղալ այլ դասավորության պարագայում: Մի խոսքով այս երեք խաղից հետո ես պետք է կատարեմ ընտրություն Եվրոպայի ընտրական մրցաշարի համար: Իհարկե,ես կշարունակեմ հետեւել, թե ներքին առաջնությունում, թե արտասահմանում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին:
- Ֆուտբոլիստներն արդեն ընտելացե՞լ են Ձեր պահանջներին:
-Մենք մարզվում ենք ընդամենը մի քանի օր եւ ակնկալել, որ ֆուտբոլիստները միանգամից կընկալեն բոլոր քո պահանջները անհնարին է: Մեզ ժամանակ է պետք, այն շատ չէ, եւ մենք պետք է գտնենք ոսկե միջինը խաղերի եւ մարզումների պատրաստվելիս: Օրինակ, Էմիրությունների թիմի հետ խաղից հետո որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին եւ, բնականաբար, ես պետք է իրենց հանգիստ տայի մարզվելու փոխարեն:
- Ի՞նչ կասեք Ալժիրի հավաքականի մասին:
-Ես դիտել եմ Ալժիրի վերջին հանդիպումը Սլովենիայի հետ, որտեղ Ալժիրը հաղթեց 2-0 հաշվով: Այդ թիմի շատ ֆուտբոլիստներ խաղում են Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում: Լավ մարզիչ ունեն, եւ դժվար խաղ կլինի: Օրինակ, Սլովենիայի հետ խաղում Ալժիրի դարպասապահը առաջին անգամ խաղի մեջ մտավ միայն 38-րդ րոպեին: Ֆիզիկապես լավ պատրաստված, ագրեսիվ եւ արագ խաղաոճով թիմ է: Անկախ ամեն ինչից, մեզ համար շատ կարևոր է տեսնել մեր հավաքականին այդպիսի թիմի հետ դիմակայությունում: