Թովմա քահանա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կ Ր Կ Ի Ն «Հ Ա Յ Ե Կ Ե Ղ Ե Ց Ո Ւ Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն» Ա Ռ Ա Ր Կ Ա Յ Ի Մ Ա Ս Ի Ն
«Հայ եկեղեցու պատմություն» և Աստվածաշունչ դասավանդելը դպրոցում կարևոր է, ես կասեի, հույժ անհրաժեշտ է բազմաթիվ պատճառներով: Թվեմ մի քանիսը, որոնց առկայությունը հատկապես այս օրերին զգում եմ:
1. Եթե դպրոցներում «Հայ եկեղեցու պատմությունը» և Աստվածաշունչը հիմնավոր, համակարգված կերպով դասավանդվեր, հայ երեխան ոչ միայն կիմանար Աստծո` մարդկանց մեջ գործունեության պատմությունը, այլև կիմանար` ինչպես է Աստված գործել հայ ժողովրդի մեջ, ինչու է այսինչ թվականին ժողովուրդը հաղթանակ տարել որևէ հարցում, ինչու չի տարել, որն է եղել, հոգևոր տեսանկյունից, այսինչ մարդու սխրանքը և ինչպիսին է այդ սխրանքի ազդեցությունը ժողովրդի հետագա ընթացքի վրա: Հայ երեխան և հետագա մեծ հայ մարդը կիմանար` ինչ սխալներ են տեղի ունեցել Հայ եկեղեցու կյանքում, օրենքների և կեցության մեջ, ինքը կկարողանար, որոշակի փորձառություն ունենալով եկեղեցու պատմության և օրենքների հարցերում, ավելի շատ օգուտ տալ եկեղեցու կյանքին: Միայն իմանալով հայ ժողովրդի պատմությունը` հնարավոր չէ պատկերացում կազմել, գիտելիքներ ունենալ ազգի պատմության մասին և որոշակի հարցերում առաջնորդվել այդ գիտելիքներով: Այդպիսի մարդը նման է արևելյան իմաստունին, որը, այն հարցին` ինչ է իրենից ներկայացնում փիղը, պատասխանում է, որ փիղն ունի կնճիթ, մի ժանիք, մի աչք, մի ականջ, երկու ոտք և պոչ, քանի որ փղին տեսնում է կողքից, և այդքանն է իրեն երևում: Մարդկային իմացությունն ավելի քան թերի է` առանց եկեղեցու պատմության և Աստվածաշնչի իմացության նույնիսկ աթեիստների համար: Միջին դարերում այդ առարկաների դասավանդումն իր կենսական անգնահատելի դերն ուներ, և մեր, և եվրոպացիների պապերը ո՛չ հիմար էին, ո՛չ հետամնաց՝ ուսանելով այդ ամենը։
2. Եթե դպրոցներում «Հայ եկեղեցու պատմությունը» հիմնավոր, համակարգված կերպով դասավանդվեր, այն կսերմաներ հայ երեխայի մեջ հայրենասիրություն, ազգային ինքնագիտակցություն, քանի որ եկեղեցին և հայրենասիրությունը հայ աշխարհում դեռևս հին դարերից մի ակունքով են հոսել։ Ըստ Գարեգին Նժդեհի․ «Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն․․․ այս երկուսի ճակատագիրը նույնացած է»։ 449 թվականին, պարսից Հազկերտ թագավորի նամակին, որտեղ թագավորը հորդորում էր վերադառնալ հին հեթանոս կրոնին և չխորշել ներընտանեկան սեռական կապերից, որպեսզի ազգը շատանա, հայ ժողովուրդը և իր եկեղեցու հոգևորականները Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի գլխավորությամբ պատասխան նամակում գրեցին, որ չեն հրաժարվելու Քրիստոսի հավատից և չեն ընդունելու թագավորի հորդորը։ Այդ ժամանակ էլ Արտաշատի ժողովում ընդունվեց մեր ժողովրդի համար մի նշանաբան՝ մի ազգ, մի հայրենիք, մի եկեղեցի։ Այդ նշանաբանով դարերի ընթացքում շարժվել է մեր ժողովուրդը և կարողացել դիմակայել բոլոր փորձություններին։ Այդ նշանաբանը երեք ամուր սյուների միասնություն է, որի վրա կանգնած է ազգի պատմությունը և ընթացքը։ Զրկել դպրոցը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայից կամ աղճատել նրա դասավանդումը, նշանակում է թուլացնել ազգը պահող սյուները և մեծացնել ազգակործան վտանգների հավանականությունը։ Մի մոռացեք, որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք։
3. Եթե դպրոցներում «Հայ եկեղեցու պատմությունը» հիմնավոր, համակարգված կերպով դասավանդվեր՝ համադրվելով «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի հետ՝ մեր երեխաների մեջ կսերմանվեին ազգի համար շատ կարևոր բարոյական հատկություններ, ասենք՝ արիություն, խիզախություն, սկզբունքայնություն, ազնվություն, պատասխանատվություն հողի հանդեպ, որի վրա ապրում ես և այլն։ Ոչինչ այդքան կենդանի չի դարձնում երեխայի՝ ապագա քաղաքացու, հոգեկան աշխարհը, որքան կենդանի պատմությունները այն տեղանքի մասին, որը քեզ ժառանգությամբ անցել է։ Առավել ևս կենդանի կլինի նրա հոգու աշխարհը, եթե նա ուսումնառության ընթացքում կարդա նաև մեր պատմիչներին՝ Ագաթանգեղոսին, Մովսես Խորենացուն, Ղազար Փարպեցուն, Ղևոնդին, Մատթեոս Ուռհայեցուն և այլն / ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ մեր պատմիչների մոտ չկա բաժանում քաղաքական իրադարձությունների և հոգևոր ընթացքի, երևույթների միջև։ Բաժանումը հայտնվել է ուշ միջնադարում Եվրոպայում և հետագայում փոխանցվել նաև Արևելք /։
4. Եթե դպրոցներում «Հայ եկեղեցու պատմությունը» և Աստվածաշունչը հիմնավոր, համակարգված կերպով դասավանդվեր, մեր երեխաները փոքր տարիքից պատկերացում կունենային Աստծո կողմից մարդու ստեղծման, ընթացքի և Երկիր մոլորակի ապագայի մասին։ Իրենք կիմանային, որ Ադամական դրախտը, որտեղ առաջին մարդն ապրել է, դա պատմական Հայաստանն է, որտեղ հոսել են դրախտի չորս գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Գեհոնը և Փիսոնը, որ քաղաքակրթությունների սկիզբը և վերջը այդ տեղում է եղել և կրկին լինելու է, որ Գառան աթոռը, որ կա Հովհաննու հայտնությունում, դա Ս․Էջմիածինն է, կհասկանար՝ ինչու է մեր ժողովուրդը ծանր խաչ տանում դարերի ընթացքում, ինչ է ուզում մեզնից Աստված, որը մենք ոչ մի կերպ չենք կարողանում իրեն տալ, ինչու չենք փոխվում հազարամյակների ընթացքում, և Աստված դեռևս մեզ չի օգնում այնպես, ինչպես հարկ է` ըստ մեր մարդկային արդարադատության: Մեր երեխաները կմեծանային և պատկերացում կկազմեին վախճանաբանության մասին, կիմանային, որ կա ժամանակ, երբ Աստծո երկրորդ գալուստ է լինելու, և այդ գալստյան ժամանակների մեջ ենք արդեն մենք ապրում, որովհետև Եկեղեցու հայրերը խոսել են Աստծո տնօրենության 8 ժամանակների մասին, որոնցից վեցերորդ ժամանակաշրջանում Քրիստոսի առաջին գալուստը եղավ, յոթերորդ ժամանակաշրջանում նա հանգստացավ, իսկ ութերորդին գալու է: Այդ ժամանակաշրջանը սկսվել է 2000 թվականից, այդ մասին վկայում են Ընդհանրական եկեղեցու հայրերը, այդ մասին խոսել են մեր սուրբ հայրերը ևս` Գրիգոր Լուսավորիչը, Դանիել Ասորին, Ներսես Մեծը, Սահակ Պարթևը և այլն: Եթե մեր երեխաները` ապագա հայ քաղաքացիները, իմանային Հովհաննու հայտնությունը, կտեղեկանային նաև, որ այնտեղ գրված է նաև կնիքների մասին, որոնցով վերջին օրերին Երկիր մոլորակի չար ուժերը պատրաստվում են ստրկացնել մարդկանց և հեռացնել Աստծուց, սարքել նրանցից մեքենայացված արարածներ, որոնց հեշտ է ղեկավարել: Եթե հայ մարդը դպրոցից ունենար հոգևոր որոշ գիտելիքներ, նա կիմանար մինչև Քրիստոսի գալուստը Հակաքրիստոսի / գազանի / և նրա գործունեության մասին, որը գալու է, որպեսզի «... երկրի բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի և ստիպի բոլորին` փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու անվան թիվը: Այստե'ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է, և նրա անվան թիվը այս է` 666 / Հայտ. 13:15-18 /»: Ուղղափառ եկեղեցու Աֆոնյան և Օպտինյան հայրերը Գազանի գործունեության և Քրիստոսի գալստյան ժամանակները զետեղել են 2020-2040 թվականներին` համեմատելով աստվածաշնչյան երեք գրքերը` Եզրասի երրորդ գիրքը, Դանիելի մարգարեությունը և Հովհաննու հայտնությունը իրենց հայտնատեսությունների հետ: Ահա այս ամենի գոնե մի փոքր մասը եթե իմանային այսօրվա մեր հայերը` երեկվա դպրոցականները, նրանք կհասկանային, որ «դավադրության տեսությունները» այնքան էլ հեռու չեն ճշմարտությունից, որ համատարած չիպավորման գաղափարը օդից չէ վերցված, ցնդաբանություն չէ, այլ մարդկության չար և անհավատ, անհոգևոր ընթացքի օրինաչափ հետևանք: Եվ նույնիսկ անհավատ մարդկանց համար էլ կարևոր է այս ամենը իմանալ` հետևելով աշխարհի գործընթացներին, որոնցից շատերի մասին Ս.Գիրքը և Եկեղեցու հայրերը ժամանակին ասել են: Մանավանդ այսօր չի կարելի փակել մեր երեխաների աչքերը «Հայ եկեղեցու պատմություն» և Աստվածաշունչ առարկաների վրա, քանի որ ամենաօրհասական ժամանակներում ենք մենք ապրում և հիմա առավել ևս, քան երբեք աչքեր են պետք, ականջներ և գիտելիքներ: Աչքեր` չարը բարուց զանազանելու համար, ականջներ` չարը բարուց տարբերելու համար և հոգու համար առաջնահերթ գիտելիքներ` չարը բարուց զատելու համար:
Ահա մի քանի կետ, որոնք շեշտում են «Հայ եկեղեցու պատմություն» և Աստվածաշունչ առարկաների անհրաժեշտությունը մեր դպրոցներում դասավանդելու համար: