Հայաստանի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը խոսել է «Բավարիայի» դարպասը խփած հաղթական դուբլի մասին։
«Ցանկանում էինք այդ խաղում օգտագործել բոլոր շանսերը և կարողացանք դա ի կատար ածել։ Հավտում էինք, որ հնարավոր է արդյունքի հասնել։ Ապահով էինք գործում պաշտպանվելիս, իսկ հակագրոհները կարողանում էինք օգտագործել։ Այսօր դա աշխատեց։
Ես ինքս էլ չեմ կարողանում հավատալ․․․ Մարզիչն ինձ շանս տվեց և ես ցանկանում էի այնպես անել, որ նա նորից ինձ վստահի։ Կարծում եմ՝ դա ինձ հաջողվեց։ Ես անհամբերությամբ սպասում էի այս խաղին»,- Ադամյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Կարելի է ասել, որ սա իմ կարիերայի ամենահիշվող խաղն է։ Անցած մրցաշրջանում Համբուրգում հեթ-տրիկի հեղինակ դարձա, բայց այս խաղն ինձ համար ավելի կարևոր էր։ Երկու տարի առաջ խաղում էի Գերմանիայի 3-րդ լիգայում, իսկ այսօր իրականացրել եմ երազանքս», - Հայաստանի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է goal.com-ը:
«Սարգիսին առաջնության մեկնարկում ժամանակ էր հարկավոր, իսկ այսօր նա արժանիորեն հայտնվել էր մեկնարկային կազմում։ Նա զգում է թիմակիցների աջակցությունը։ Այն, ինչ Ադամյանն արեց այսօր՝ պարզապես երազանք է»,- «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերի խոսքերն է մեջբերում ակումբի թվիթերյան էջը։
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմն» իր պատմության մեջ առաջին անգամ «Ալիանց Արենա» մարզադաշտում հաղթեց «Բավարիային»: