Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի եզրափակիչ դուրս եկավ օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Նա 14.949 միավորով գրավեց առաջին տեղը որակավորման փուլում։
Փետրվարի 23-ին եզրափակիչ էին դուրս եկել նաեւ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը։
Նժույգ թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը 15.000 միավորով երրորդ տեղից դուրս է եկել եզրափակիչ։
Այս վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 9-րդ պահեստայինն է։ Նա վաստակել է 14.566 միավոր:
Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը վաստակել է 14.533 միավոր եւ 5-րդ տեղից եզրափակիչում է:
Վահագն Դավթյանը 14.500 միավորով 6-րդն է:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու անմիջապես Կոտբուսից հետո, Դոհայում։ Երրորդ փուլը Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։