Հունիսի 3-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի ու Հրայր Մկոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
- Գևորգ, ինչպե՞ս է քո առողջական վիճակը, ապաքինման ո՞ր փուլում ես։
-Առողջական վիճակս համեմատաբար ավելի լավ է, օրեցօր լավանում եմ: Մոտ մեկ ամսից նորից կմեկնեմ Գերմանիա՝ շարունակելու բուժումս: Մեկ ամիս այնտեղ անցկացնելուց հետո արդեն կմիանամ թիմիս և արդեն նրանց հետ կշարունակեմ վերականգնողական վերջին փուլը: Առիթից օգտվելով` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին՝ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հույս ունեմ, որ սեպտեմբերին արդեն կսկսեմ խաղալ։
-Ակումբում ինչպե՞ս ընդունեցին հավաքականում ստացածդ վնասվածքդ։
-Բավական նորմալ ընդունեցին: Իհարկե, մի փոքր տխրեցին, քանի որ կորցրին ինձ մրցաշրջանի կարևոր հատվածում: «Մարիտիմոյին» նույնպես շնորհակալ եմ իրավիճակը հասկանալու և այդ ամենին ըմբռնումով մոտենալու համար:
-Հրայր, վնասվածքի պատճառով բաց թողեցիր մի հանդիպում, հետո ապաքինվեցիր և թիմիդ կազմում անցկացրիր մի քանի խաղ: Ո՞ր փուլում է ապաքինումդ։
-Վիճակս լավ է: Վերջին հանդիպումը մրցակցի դաշտում պարտվեցինք, որը մեզ համար շատ վատ էր: Հիմա արդեն թիմի հետ լիարժեք մարզվում եմ և հուսով եմ, որ կարող եմ լիարժեք խաղալ:
-Որքանո՞վ էիք տեղեկացված մեր մրցակցի մասին:
-Նրանց մասին շատ բան չգիտեինք, բայց մարզիչները մեզ տեղեկատվություն տրամադրեցին: Դրա վրա հիմնվելով` պիտի խաղանք և ձգտենք հաղթանակի:
-Պարոն Պետրոսյան, ի՞նչպես եք ընտրել այս մրցակցին, և ի՞նչ կարող է տալ այս խաղը մեր թիմին ընտրական խաղից առաջ։
-Նախնական պայմանավորվածություններ ունեինք մի քանի ուժեղ հավաքականների հետ, սակայն դրանք չհաջողվեցին, ու հետո Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը մեզ հարցում ուղարկեց, մենք էլ համաձայնվեցինք: Համաձայնվեցինք, քանի որ շատ կարճ ժամանակ էր մնացել մինչև Չեռնոգորիայի հետ հանդիպումը, իսկ մեզ օդ ու ջրի պես պետք էր ընկերական խաղ: Օրինակ Հունաստանի առաջնությունն ավարտվել էր քառասուն օր առաջ, և այնտեղ հանդես եկող մեր տղաները մոտ վեց շաբաթ խաղային պրակտիկա չունեին: Դրա համար վաղը տղաները բարձր տրամադրությամբ դուրս կգան դաշտ ու լավ ֆուտբոլ կցուցադրեն: Կարևոր չէ, թե ինչ մրցակցի դեմ ենք խաղում, կարևորը լավ ու գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրենք:
-Հավաքականը վաղը կխաղա՞ իր ուժեղագույն կազմով, թե՞ հանգստի հնարավորություն կտրվիա ռաջատարներին։
-Անպայման կլինեն փորձարկումներ: Մի բան կարող եմ ասել. վաղը ամենայն հավանականությամբ չի լինի այն կազմը, որը խաղալու է Չեռնոգորիայի դեմ: Փորձարկելու ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր հրավիրվել էին հավաքական, սակայն խաղաժամանակ չէին ստացել: Բայց իհարկե, պատրաստվելով Չեռնոգորիայի դեմ հանդիպմանը, կփորձարկենք բաներ, որոնք կիրառելու ենք նաև ընտրական խաղում:
-Վաղը Հենրիխ Մխիթարյանին կտեսնե՞նք դաշտում, թե՞ նա կմնա պահեստայինների նստարանին՝ մտքում ունենալով Չեխայի հետ խաղի դառը փորձը ։
-Եթե դառը փորձի մասին մտածենք, ապա ոչ ոք չպիտի խաղա: Ինչպես գիտեք, «Մանչեստեր Յունայթեդից» լրագրողներ են ժամանել Երևան, ովքեր Հենրիխի մասին ֆիլմ են պատրաստում: Ես նրանց ասացի՝ դուք եք որոշելու. եթե ցանկանաք, ապա նա կխաղա: Կատակը մի կողմ, չգիտեմ ինչքան, բայց Մխիթարյանը վաղը անպայման կլինի խաղադաշտում:
-Հավաքականի ուսումնամարզական հավաքին մասնակցում է նաև Արմեն Համբարձումյանը։ Ի՞նչ տպավորություն է թողնում նա։
-Ասեմ, որ շատ լավ տպավորություն է թողնում: Սկզբից մի փոքր քաշված էր, բայց օր-օրի ավելացրեց և նշեմ, որ այն, ինչ ես տեսել էի տեսանյութով, արդարացրեց: Իմ կարծիքով՝ ունի պոտենցիալ:
-Տեսանք, որ մրցակցի կազմում ատլետիկ լավ տվյալներով ֆուտբոլիստներ կան: Արդյո՞ք չեք վախենում, որ մեր խաղացողները կարող են վնասվածք ստանալ:
-Ես իրենց թիմի մի քանի խաղ տեսել եմ, և պետք է ասեմ, որ շատ չոր, ագրեսիվ թիմ է, բայց ոչ կոպիտ: Եթե մենք արագ խաղանք, ապա կարող ենք խուսափել նման պայքարներից:
-Մի քանի կետով կնշե՞ք, թե ինչ խնդիրներ եք լուծելու և ինչի վրա եք աշխատելու վաղվա խաղի ժամանակ:
-Մեր խաղային որակների բարձրացում, նաև հոգեբանական վիճակի բարձրացում. ես էլի եմ նշել, որ կարևոր չէ ինչ մրցակցի դեմ ենք խաղում, կարևորը որակյալ ու վստահ ֆուտբոլ ցուցադրելն է: Ու վերջում էլ անպայման մարտավարական խնդիրներ պետք է լուծենք:
-Թիմի հայտավորման կազմը հրապարակելուց հետո մամուլում մի նյութ հայտնվեց, որտեղ նշվում էր, որ գյումրեցի մասնագետը ոչ մեկին չհրավիրեց հավաքական Գյումրիի «Շիրակից»: Արդյո՞ք հարմար թեկնածու չկար, և ինչպե՞ս եք վերաբերում նման բաներին:
-Ես գիտեի, որ այդ հարցը տալու եք, դրա համար պատրաստված եմ եկել: «Գյումրեցի մարզիչը ինչո՞ւ է անտեսում գյումրեցի ֆուտբոլիստներին» վերնագրով նյութ էր, որում ասվում էր, որ «Շիրակը» գավաթի եզրափակչում ջախջախեց «Փյունիկին», ու հետո ասվում է, որ խաղի ընթացքում աչքի ընկան երեք ֆուտբոլիստներ՝ Այվազով, Բիչախչյան, Դարբինյան: Ես սա բառացի դուրս եմ գրել, եթե ուզում եք, ապա կարող եք բացել ու կարդալ: Այվազովն ընդհանրապես չի մասնակցել այդ հանդիպմանը: Բիչախչյանն այս մրցաշրջանում 22 խաղ է անցկացրել, որոնցից ընդամենը 4-ը՝ հիմնական կազմում: Որ տաղանդավոր է՝ ոչ ոք չի վիճում: Բայց հարց է առաջանում, թե ինչու նա միշտ թիմի հիմնական կազմում չէ: Իմ կարծիքով, թիմի մարզիչները շատ ճիշտ մարտավարություն են ընտրել նրան օգտագործելու, քանի որ նա դեռ չի կարող ամբողջ հանդիպումը բարձր մակարդակով անցկացնել մեծահասակների դեմ: Իսկ ինչ վերաբերում է Դարբինյանին, ապա կարող եմ ասել, որ, այո, նա շատ բարձր մակարդակի խաղ անցկացրեց եզրափակչում, սակայն հարց է առաջանում, թե ինչու նա չէր անում դա ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Այստեղ միտումի հարց չկա։ Եթե մենք ունենանք ուժեղ ֆուտբոլիստներ «Բանանցում», «Շիրակում», «Արարատում», ապա նրանք անպայման կհրավիրվեն հավաքական։ Ես իմ էությամբ գյումրեցի եմ, բայց հավաքականի մարզիչ եմ: Ինձ համար առաջնային է այն, որ ով ուժեղ է, ուրեմն պետք է խաղա: Ես պատկերացնում եմ, եթե հավաքականում 4-5 ֆուտբոլիստներ ունենայինք Գյումրիից, ապա հավանաբար կգրեին, որ Պետրոսյանը գյումրեցի է ու միայն գյումրեցիների է հրավիրում հավաքական: Գյումրեցի, երևանցի, թալինցի, մենք բոլորս էլ հայ ենք: Առիթից օգտվելով` նշեմ, որ Այվազովը մեզ մի ամիս առաջ էր դիմել, նա Մոսկվայում համալսարանի հետ կապված խնդիրներ ունի, դրա համար մենք թույլատրել ենք, որ մեկնի:
-Գոռ Մալաքյանը վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի մոտակա հանդիպումները: Արդյո՞ք լինելու է տակտիկական փոփոխություն, որով լրացվելու է նրա բացը:
-Եթե ուշադիր եք եղել, ապա Գոռն իր ակումբում չէր խաղում, և, անկեղծ ասած, Չեռնոգորիայի դեմ խաղին էլ նրան հիմնական կազմում չէի տեսնում: Իհարկե, մեզ համար բոլոր հինգ ֆուտբոլիստները, ովքեր չեն մասնակցի այս խաղին, ծանր կորուստ են, բայց կան նաև առողջ ֆուտբոլիստներ, և սա նրանց համար շանս է, որպեսզի ցուցադրեն իրենց և արդարացնեն իրենց առջև դրած սպասելիքները:
-Այնպես է ստացվում, որ մեր թիմում մեծամասամբ գոլի հեղինակ են դառնում կիսապաշտպանները: Ինչպե՞ս եք գնահատում մեր հարձակման գիծը և այդտեղի խնդիրը լուծելու համար ի՞նչ եք պատրաստվում անել։
-Պատրաստվում ենք լավ երիտասարդ հարձակվողների պատրաստել մեր ակումբներում: Այս պահին ունենք Սարկիսով, Բարսեղան, Կորյան, որոնք իրենց ակումբներում բավականին լավ հանդես եկան: Վերջինիս շնորհավորում եմ իր ակումբի՝ Ռուսաստանի բարձրագույն առաջնություն դուրս գալու կապակցությամբ: Մենք այս պահին ունենք այն, ինչ ունենք, և եթե շարունակենք խաղալ այն ֆուտբոլը, որը մինչև հիմա ենք խաղացել. կարծում եմ, որ մեր հարձակվողներն էլ կսկսեն գոլեր խփել: Իսկ եթե չկարողանանք ներքին առաջնությունից հարձակվողներ գտնել, ապա պետք է փորձենք դրսում հայազգի ֆուտբոլիստներ գտնել: Մի քանի անուն արդեն կա, սակայն չեմ ուզում ժամանակից շուտ ասել, քանի որ դեռ բանակցությունների մեջ ենք նրանց հետ:
-ՀՖՖ նախագահը նախօրեին նշեց, որ Չեռնոգորիային հաղթելու դեպքում բավական լավ շանսեր ունենք պայքարելու ԱԱ 2018 եզրափակիչ փուլում հայտնվելու համար: Ինչպե՞ս կմենկաբանեք։
-Դա պարոն Հայրապետյանի կարծիքն է: Նա իրավունք ունի դա ասելու, բայց ես դա չեմ ասի։ Ես միշտ էլ նշել եմ, որ մենք նայում ենք խաղից խաղ: Եթե ունենանք այդ հնարավորությունը՝ շատ լավ, իսկ եթե ոչ, ապա մեր նպատակն է մարտունակ թիմ ունենալ արդեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:
-Պարոն Հայրապետյանն իր ասուլիսում նշեց նաև, որ Գևորգ Կասպարովը հավաքական չի հրավիրվում, որովհետև դա գլխավոր մարզչի որոշումն է: Կասե՞ք` ինչու նա չի հրավիրվում հավաքական:
-Պատճառը շատ պարզ է. նա իր ակումբում երկրորդ դարպասապահն է, և ես չեմ կարող քիչ խաղային պրակտիկա ստացող դարպասապահին հրավիրել հավաքական: Եվ հետո, եթե չեմ սխալվում, նա արդեն 38 տարեկան է, ու ես նպատակահարմար եմ գտնում արդեն ներգրավել երիտասարդ դարպասապահների: Մարդկային և անձնական ոչ մի խնդիր չունեմ նրա հետ:
-Որպես հավաքականի գլխավոր մարզիչ` այնքան էլ շատ խաղեր չեք անցկացրել: Կա՞ն արդյոք գաղափարներ կամ մարտավարական մտահաղացումներ, որը թիմը դեռ չի իրականացրել։
-Թիմը ցուցադրել է այն, ինչ ես ուզում և սպասում եմ, բայց ոչ այն չափով, որը ես կցանկանայի: Դա ժամանակ է պահանջում, և իմ կարծիքով՝ մենք ճիշտ ուղղու վրա ենք ու եթե այսպես շարունակենք, ապա կհասնենք այն մակարդակին, որին որպես մարզիչ ես ձգտում եմ:
-Հնարավո՞ր է արդյոք վաղը դարպասապահի փոփոխություն տեսնենք, ինչպիսի՞ մարզավիճակով են մեր դարպասապահները ժամանել հավաքական:
-Բոլորն էլ շատ լավ դարպասապահներ են: Հաստատ է, որ վաղը մեկնարկային կազմում լինելու է Արսեն Բեգլարյանը։ Մենք ունենք փոփոխության վեց հնարավորություն, և արդեն խաղի ժամանակ կընտրենք, խաղացող դուրս բերել խաղադաշտ, թե դարպասապահ:
-Այսօր նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է: Նայելու՞ եք այդ խաղը, և եթե այո, ապա ո՞վ կհաղթի:
-Նայելու եմ հանդիպումը: Ինձ համար տարբերություն չկա, թե որ թիմը կհաղթի: Բայց այնուամենայնիվ, թող ինձ չդասեն «Ռեալի» երկրպագուների թվին, բայց կարծում եմ, որ այսօր «Ռեալը» կհաղթի:
Արթուր Պետրոսյան. «Մխիթարյանը վաղը անպայման կլինի խաղադաշտում»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet