Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի բազմակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին:
Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Երեկ նա մրցման հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը:
Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը:
Ալեքսանյանը նաև Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:
Հիշեցնենք, որ մեր ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից. եզրափակչի ճանապարհին Ալեքսանյանը պայքարից դուրս էր թողել Բելառուսը ներկայացնող Հրաբովիկին (1/32, 5-0), Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենին (1/16, 10-0), թուրք Ջենկ Իլդեմին (1/8, 4-2), իրանցի Մոհամադհադի Սարավիին (1/4, 4-3), վրացի Գեորգի Մելիային (1/2, 3-1):
Նշենք, որ այսօր Արթուրն ու Եվլոևը հանդիպելու էին 3-րդ Աշխարհի առաջնությունն անընդմեջ. ըմբիշների առաջին գոտեմարտը 2017-ին էր՝ Փարիզում կայացած ԱԱ-ի եզրափակչում, որում Ալեքսանյանը հաղթեց 3-1 հաշվով ու դարձավ Աշխարհի եռակի չեմպիոն: 2-րդ անգամ Ալեքսանյանն ու Եվլոևը հանդիպեցին 2018-ի հոկտեմբերին, Բուդապեշտում կայացած ԱԱ-ի կիսաեզրափակչում: Այստեղ ևս Արթուրը վնասվածքով էր մասնակցում և 1-3 հաշվով պարտվեց, իսկ հետո հրաժարվեց բրոնզե մեդալի համար պայքարից:
Կադրերը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆեյսբուքյան էջից
Դիտեք նաև՝ Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել