«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է ակումբի հետ 2,5 տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը, հաղորդում է ակումբի կայքը:
Դաշյանը երևանյան թիմ էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը: Նա «Փյունիկի» հետ առաջին իսկ մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն եւ 8 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական ու մինչև օրս ազգային թիմի առանցքային խաղացողներից մեկն է: Պետք է հիշատակել Դաշյանի խփած գոլը Թուրքիայի հավաքականի հետ արտագնա խաղում:
Նույն տարվա եվրագավաթային շրջանում, Դաշյանը աստիճանաբար հավաքելով իր լավագույն մարզավիճակը, օգնել է թիմին կարևոր հաղթանակներ տանել: Հենց Արտակի անվան դիմաց է գրանցված «Փյունիկի» պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում: Նա արտագնա խաղում գրավեց «Բազելի» դարպասը, երկրպագուները կհիշեն նաև կիսապաշտպանի` դաշտի կենտրոնից խփած գնդակը շվեդական «Կալմարի» դարպասը: 34-ամյա ֆուտբոլիստը նաև իր անունը գրեց մեր պատմության էջերում` խփելով «Փյունիկի» համար շատ կարևոր գնդակ «Շիրակի» հետ առաջնության որոշիչ խաղում, որից հետո ակումբը դարձավ Հայաստանի 16-ակի չեմպիոն: Արտակն 2023/24 մրցաշրջանում նաև թիմի ավագն էր:
Դաշյանը, ընդհանուր առմամբ, 98 հանդիպում է անցկացրել «Փյունիկում»` դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: