ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում խոսակցություններին, թե Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է այլևս հանդես չգալ հավաքականի կազմում: Լրագրողները նաև հիշեցրել էին ֆուտբոլիստի մոր վիրավորվածության մասին:
«Կարծում եմ, որ այն ցավալի իրավիճակը, որ ստեղծվել էր ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ, այլևս անցյալում է։ Ես մեծ հույս ունեմ, որ բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել ֆեդերացիայի շուրջ, որոնք երբեմն արհեստական սրվում էին, անհրաժեշտ է թողնել անցյալում։ Ինձ համար շատ ցավալի կլինի, եթե նման զարգացում լինի։ Ես վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում»,- ասել է Արայիկ Հարությունյանը։