Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի վերջին տուրում Իռլանդիայի թիմից կրած 2:3 հաշվով պարտությունը։
«Շատ ցավալի էր։ Չգիտեմ, թե ինչու է ամեն անգամ Հայաստանի հավաքականի հետ այսպիսի բաներ պատահում, երբ խաղում է Իռլանդիայի դեմ Դուբլինում։ Ստացվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին։ Պետք է գնահատել, թե ինչպես արձագանքեցին ֆուտբոլիստները խաղադաշտում։ Հպարտությամբ։ Երբ հաշիվը 2:2 էր, դեռ ժամանակ ունեինք, որ հասնեինք մեր նպատակին, իսկ մրցակիցը նյարդային էր։ Բավական ժամանակ կար եւ պետք է հավատայինք մեր ուժերին։ Ավելի շատ էինք տիրում գնդակին եւ վտանգավոր պահեր ստեղծում։ Մրցակիցը հասկանում էր, որ մեր թիմը սկսեց խաղալ եւ կարող էր փոխել իրավիճակը։ Անկյունային հարված չկար։ Դա հստակ է։ Չեմ խոսում 11-մետրանոցի մասին։ Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին։ Այն, ինչ ասում եմ ֆուտբոլիստներին հանդերձարանում, մնում է այնտեղ»,- նշել է Խոակին Կապառոսը, որի պայմանագիրը կավարտվի նոյեմբերին։
B լիգայի առաջին խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով գրավեց վերջին տեղը եւ նահանջեց C լիգա։