Նոյեմբերի 18-ին հեռուստաէկրաններին կհայտնվի երգիչ Էրիկի նոր` «Անհասանելի» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Դատելով օրերս համացանցում հայտնված թրեյլերից` կարծես թե Էրիկը կրկին պատրաստվում է իր երկրպագուներին ուրախացնել ռիթմիկ և գունեղ տեսահոլովակով: Asekose.am-ի թղթակիցը կապվել է երգչի հետ` պարզելու երգի ընտրության, տեսահոլովակի նկարահաման ընթացքի, կրկին ռիթմիկ երգով հանդես գալու և այլ մանրամասների մասին:
Մեզ հետ զրույցում Էրիկը պատմեց, որ իր նոր` «Անհասանելի» երգը, «Անիրական» երգի շարունակությունն է և որ դա իրենց կողմից մտածված քայլ է.
«Շուրջ երկու տարի է անցել, երբ ես ներկայացրեցի իմ «Անիրական» երգը, որից հետո ինձ սկսեցին ասել «Անիրական Էրիկ» և ես որոշեցի, որ այն պետք է շարունակություն ունենա: Կարող եմ ասել, որ սա մտածված էր, որպեսզի «Անիրականը» դառնա «Անհասանելի», իսկ թե ինչու` կհասկանաք տեսահոլովակը դիտելուց հետո»:
Խոսելով բուն երգի մասին` Էրիկն ասաց, որ երգը փոփ ժանրում է գրված և ավելի ակումբային է. հենց դա է պատճառը, որ հասարակությունը տվյալ ստեղծագործության մեջ կլսի մինիմալ խոսքեր:
«Պարզապես ուզում եմ, որ հանդիսատեսը սրան ավելի թեթև վերաբերվի»,- երգի հետ կապված իր նպատակի մասին խոստովանեց Էրիկը` ավելացնելով, որ տվյալ երգը նվեր է բոլորին Ամանորի նախօրեին, քանի որ այս երգի տակ կարելի է պարել և ուրախանալ:
«Մի քանի մեղեդային երգ կատարելուց հետո, ես որոշեցի կրկին ուրախ տրամադրություն փոխանցող երգ ներկայացնեմ, քանի որ կարծում եմ` Ամանորին պետք է հնչեն միայն ուրախ տրամադրություն հաղորդող երգեր»:
Տեղեկացնենք, որ երգի երաժշտության հեղինակը հենց Էրիկն է, խոսքերի հեղինակը Սերգեյ Գրիգորյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանը, օպերատոր` Արտյոմ Աբովյան:
«Տեսահովակում իմ ոճով զբաղվել է Արմեն Գալյանը, իսկ հագուստներս կարվել են «Ատեքս» նորաձևության տանը: Տեսահոլովակի պարուսույցը Հովհաննես Սարգսյանն է, ով շատ կարճ ժամանակահատվածում բեմադրեց պարը, որտեղ մասնակցություն ունեմ նաև ես»,- տեսահոլովակի նկարահանման աշխատանքների մասին իր խոսքը եզրափակեց երգիչ Էրիկը Կարապետյանը:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան