Հայաստանի ազգային հավաքականը Բեռնար Շալանդի գլխավորությամբ երկրորդ ընկերական խաղն անցկացրեց: Այս անգամ մրցակիցը ԱԱ-ի մասնակից Ալժիրն էր:
Շալանդը փորձարարական կազմ էր դուրս բերել խաղադաշտ, որն էլ առաջին իսկ րոպեներից սկսեց սխալներ գործել: Հարձակման գծում Մաուրո Գևգեոզյանն էր, Մխիթարյանի, Մանուչարյանի և Արասի հետ, իսկ համագործակցությունը նրանց միջև, մեղմ ասած, թույլ էր:
Ալժիրցիների գրոհներն իրենց առաջին պտուղը տվեցին 13-րդ րոպեին, երբ Բելկալեմն անկյունային հարվածի ժամանակ օգտվեց մեր թիմի «աչալուրջ» պաշտպանների դիրքից՝ գլխով խոցեց Բերեզովսկու դարպասը՝ 1-0: 9 րոպե անց ալժիրցիների գրոհը տեղափոխվեց աջ եզր, որտեղ հերթապահում էր Լևոն Հայրապետյանը. Ղիլասը նետվեց տուգանային հրապարակ և եզրից հուժկու հարվածով գնդակը մխրճեց Բերեզեվոսկու դարպասը՝ 2-0: Ցանկանում էինք գնալ ընդմիջման, բայց Սլիմանին 42-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց մեր դարպասն ու հեռացավ ընդմիջման: Երեք դույլ եռման ջուր Շալանդի գլխին և թիմերը հանդերձարանում են:
Երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտավ Արթուր Սարկիսովը: «4-րդ գոլ Սաքոն» հենց 46-րդ րոպեին խախտեց իր իսկ ստեղծած ավանդութներն ու կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3-1:
Հաշվի մեջ այլևս փոփոխություններ չեղան: Թիմի կազմում իր նորամուտը նշեց նաև Ալեքսանդր Թումասյանը: Այսպիսով, Շալանդի գլխավորությամբ անցկացրած երկու խաղում Հայաստանի հավաքականը 6 գոլ բաց թողեց, և խփեց 5-ը: Հուսանք, որ կտեսնենք երբեմնի մեր հավաքականին, որը կհաղթի Գերմանիայի ընտրանուն:
Մենք ուժե՛ղ ենք, մենք հզո՛ր ենք:
Footballcity.am