Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պերուական Ալիանսա Լիման պաշտոնական հրավերք էր ստացել ՀՖՖ-ից՝ թիմի ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանին հավաքական հրավիրելու համար, Գևգեոզյանը պետք է մասնակցի Ալժիրի և Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղերին:
Պերուական ակումբի մամլո քարտուղար Ռենցո Գայասոյի հավաստիացմամբ, Ալիանսա Լիման ընդունել է ՀՖՖ-ի հրավերքը և ֆուտբոլիստը կմիանա մեր ընտրանուն:
- Մենք պաշտոնապես հրավերք ստացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Նրանք ցանկանում էին, որ Գևգեոզյանը մասնակցեր Ալժիրի և Գերմանիայի հավաքականների հետ ընկերական խաղերին:
Յուրաքանչյուր խաղացող, եթե ստանում է պաշտոնական հրավերք և ցանկանում է միանալ իր երկրի հավաքականին, ապա կարող է դա անել ազատ կերպով: Մենք միայն ուրախ ենք, որ թիմի ֆուտբոլիստները հրավերք են ստանում հավաքականներից:
Ինչ վերաբերում է Մաուրոյի հետ պայմանագիրը երկարաձգելուն, ապա մենք մոտակա օրերին կքննարկենք բոլոր մանրամասները նրա գործակալի հետ: Հույս ունեմ, որ կկարողանանք ընդհանուր համաձայնության եզրեր գտնել,-նշել է Գայասոն:
Հավելենք, որ Կոպա Ինկայի շրջանակներում Մաուրոն արդեն դարձել է 5 գոլի հեղինակ: